Արծվիկ Մինասյան. Սահմանադրական արդարադատության հույս ունենք
«Իրականացվել են տոտալ, հետևողական ու զանգվածային ընտրախախտումներ»,- ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը, որ ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում այս պահին ընթանում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ընտրությունների մասնակից քաղաքական 4 ուժերի դիմումների դատաքննությունը։
Մինասյանի խոսքով, ներկայացված դիմուներում առկա փաստերը հաշվի առնելով՝ ՍԴ-ն պետք է անվավեր ճանաչի ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների ու մանդատների բախշման վերաբերյալ որոշումներն ու կայացնի հնարավոր երեք ելքերից մեկի մասին որոշում։
«Ելք առաջին, ՍԴ-ն կարող է հայտարարել նոր արտահերթ ընտրությունների հիմքի մասին, երկրորդ, իրականացնի մանդատների վերաբաշխում, քանի որ ակնհայտ է՝ իշխող ուժի մանդատներն անհամաչափ են ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու հանրային տրամադրություններին, և վերջապես կարելի է արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել»,- ասաց նա։
Մինասյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե ընտրությունների ժամանակ խախտումներ են թույլ տվել ընդդիմադիր ուժերը, ասաց՝ ընդդիմությունը չի կարող ընտրություններ կեղծել, այդ իշխանությունն է, որ արել է տոտալ, զանգվածային ու հետևողական ընտրախախտումներ։
«Այսօր էլ շարունակվում են դրանք։ Ի տարբերություն նախորդ կարգավորումների, ՍԴ-ն առաջին անգամ պետք է քննի այս տրամաբանությամբ, մեղադրանքները հնչեցվում են մեր կողմից, ապացուցման պարտականությունը դրվում է պատասխանող կողմի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եղել են վարչական լծակների այլանդակ կերպով օգտագործում, տարբեր ընտրատարածքներում կրկնակի քվեարկություններ և այլն։
Նա հույս հայտնեց, որ կիրականացվի սահմանադրական արդարադատություն ու իր նշած երեք որոշումներից մեկը կընդունվի։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»