Հուլիսի 10-ից պաշտոնապես կբացվեն Սևանա լճի հանրային լողափերը. Արման Աբելյան
«Հուլիսի 10-ից կմեկնարկի հանրային լողափերի պաշտոնական բացումը, այս պահին ընթանում են կահավորման և բարեկարգման աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը:
Նա տեղեկացրեց, որ 2015 թվականի կառավարության որոշմամբ ստեղծվել են 8 հանրային լողափեր, որոնցից կահավորված են և գործում են 3-ը՝ թերակղզու և Սևան քաղաքի լողափերը:
Աբելյանը տեղեկացրեց, որ լողափերի կահավորումն իրականացվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցների ուժերով:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ լողափերում լինելու են բոլոր հարմարությունները, ինչպես նաև գործելու է բուժկետը և փրկարարական ծառայությունը:
Նրա ներկայացմամբ՝ լողափեր մուտքը լինելու է անվճար, որտեղ տեղադրված են լինելու 53 տեղեկատվական ցուցանակներ՝ տարածքները մաքուր պահելու մասին գրառումներով և այդ նպատակով նաև 160 աղբաման է տեղադրվելու:
Նա հայտնեց, որ գրություններ են ուղարկել նաև Ոստիկանությանը, որպեսզի ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների հետ պահպանեն կարգ ու կանոնը:
«ԱԻՆ նախարարի պաշտոնակատարի հրամանով փրկարար ծառայության ջրափրկարարների ջոկատն անցնելու է ուժեղացված ռեժիմով ծառայության։ Այդ նմպատակով հանրային լողափեր են տեղափոխվել համապատասխան տեխնիկան»,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը և հավելեց, որ ափամերձ ջրերում տեղադրվելու են լողանշանները, որպեսզի քաղաքացիները միայն դրանց ներսում լողան:
Նրա խոսքով՝ փրկարարները հետևելու են, որպեսզի լողամիջոցները չմտնեն լողալու համար հատկացված գոտիներ:
«Այս տարի նորամուծություն է եղել. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան պիկ օրերին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, թռչող անօդաչու սարքերով կիրականացնի լողափերի հսկողություն և իրազեկման աշխատանքներ»,- հավելեց Ճզմաչյանը: