Իշխանությանը քննադատողները քիչ ժամանակ անց ազատազրկվում են կամ ձեռք բերում մեղադրյալի կարգավիճակ. Յոլյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Երեկ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։
Նախքան դատարան մտնելը Իրինա Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ նրա ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է:
«Նոր Քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն՝ ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննարկմանը մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակը: Մենք նշեցինք ձերբակալման արձանագրության մեջ, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, այնքանով ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումը իրականում հայեցողական իրավունք է»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ այդ նպատակի իրագործման շրջանակներում մյուս հայեցողական իրավունքը համապատասխան ծանուցմամբ հրավիրելն է ու տեղեկացնելը, որ մեղադրյալի նկատմամբ դատարանում պետք է քննարկվի կալանավորման հարցը:
Էրիկ Ալեքսանյանի խոսքով, տվյալ դեպքում քննիչն ունի երկու հայեցողական իրավունք՝ ձերբակալել անձին, որպեսզի ներկայացնի դատարան այդ քննարկմանը և հրավիրի անձին, որ դատարանում նման հարց է քննարկվելու:
«Քննիչին հարց ենք ուղղում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կիրառվում է ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը: Մեզ չներկայացվեց որևէ փաստական տվյալ, հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված, այդ իսկ պատճառով իրագործում են ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը:
Այս հարցի կապակցությամբ գտնում ենք, որ քննիչի ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ իավաչափ ձևով»,- ասաց Գորիսի փոխհամայնքապետի պաշտպանը:
Խոսելով կոնկրետ մեղադրանքի մասին, Է. Ալեքսանյանը նշեց, որ խոսքը գնում է ՔՕ 179-րդ հոդվածի մասին՝ յուրացման և վատնման հանցակազմը, տվյալ դեպքում մեղադագրվում է վատնումը. «Ասում են՝ իբրև խախտվել է սոցիալական օգնությունների տրամադրման վերաբերյալ համապատասխան կարգ, պետությանը պատճառվել է համապատասխան վնաս, այսինքն՝ տրամադրվել են իբրև օգնություններ այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն, որևէ խնդիր չունեն»:
Նա նշեց, որ մեղադրանքը չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալուց:
«Պայմանականորեն ընդունեք, որ կարգը խախտվել է. ինչո՞ւ չպետք է կիրառվի կարգապահական զանցանքի հարաբերությունները, այլ հենց քրեական պատասխանատվության և քրեական հանցագործության հարաբերությունները: Այստեղ է իրականում խնդիրը»,- ընդգծեց պաշպանը:
Նրա խոսքով, օգնություններ տրամադրվել են այն քաղաքացիներին, որոնք դիմում են գրել, բոլորի բովանդակությունը նույնն է՝ ունեն խնդիրներ, կարիքավոր են, խնդրում են տրամադրել օգնություն, համայնքապետարանը տրամադրել է:
«Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, այդ քաղաքացիները նրանց հետ որևէ բարեկամական կապի մեջ չեն գտնվում, որ կասկած լինի համապատասխան անձանց է տրվել նպատակային ձևով:
Այսինքն՝ մենք ինչ իրավիճակի հետ գործ ունենք՝ օգնություն տալու համար անձին պետք է մեղադրանք առաջադրե՞ն և վաղը, մյուս օրը դատապարտե՞ն: Չէ, լո՞ւրջ»,- նշեց Է. Ալեքսանյանը
Նա նշեց, որ տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը. «Ականատես ենք լինում այն իրողություններին՝ ովքեր քննադատում են իշխանությանը, շատ քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ կամ նվազագույնը ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»:
Հարակից հրապարակումներ`
- Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
- Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել․ Իրինա Յոլյան
- Յոլյան. Որոտանի վարչական ղեկավարի տունն են խուզարկում
- Իրինա Յոլյան. Երևանից բերվածները վստահաբար հունիսի 20-ին Գորիսեցու տեղը որոշում չեն կայացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան