Կառավարությունն իրենից դժգոհության ալիքը փոխեց, ուղղորդեց դեպի փոխգնդապետ Արսեն Ղազարյան. Պաշտպան
Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար։
Panorama.am-ը զրուցել է Արսեն Ղազարյանի պաշտպաններից Սյուզաննա Խչեյանի հետ՝ դատարանի որոշման ու հետագա անելիքների վերաբերյալ։
Panorama.am- Տիկին Խչեյան, ինչպե՞ս եք գնահատում առաջին ատյանի դատարանի որոշումը, ի՞նչ քայլեր եք նախաձեռնել։
Ս. Խչեյան- Դատարանի որոշումը գնահատում ենք ակնհայտ ապօրինի, անհիմն և ուղղորդված։
Երրորդ անգամ էր վարույթ իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնում։ Մեղադրանքը լրացվել և փոփոխվել էր, նոր մեղադրանք էր առաջադրվել, որն իր ծանրության բնույթով միջին ծանրության հանցագործություն էր, այսինքն՝ չէր կարող կալանավորման նոր հիմք հանդիսանալ, քանի որ նախ կատարվել էր շատ ավելի վաղ, այդ ենթադրյալ հանցագործության մասին վարույթ իրականացնող մարմինը միշտ իմացել է, բայց քանի որ երկրորդ կալանքի միջնորդությունն էլ մերժվել էր, նոր մեղադրանք էին առաջադրել, որպեսզի կարողանային նոր միջնորդություն ներկայացնեին դատարան։
Panorama.am- Պաշտպանական թիմն ինչո՞ւ է կարծում, որ ուղղորդված է Արսեն Ղազարյանի կալանավորման որոշումը։
Ս. Խչեյան- Կալանավորման ողջ նիստի ընթացքից մենք հասկացանք, որ ի սկզբանե ուղղորդված է, այսինքն՝ անկախ մեր կողմից ներկայացվելիք առարկություններին, դատարանը, միևնույնն է, խափանման միջոց կալանավորումը բավարարելու էր։
Օրինակ, կալանավորման նախորդ երկու միջնորդությունների քննություններին մենք ակնհայտ ներկայացրեցինք այնպիսի փաստական հանգամանքներ, որ Արսեն Ղազարյանը չի փորձել ազդել որևէ անձի վրա, դրանք հանրահայտ փաստեր էին։ Նախորդ երկու անգամ դատարանը ի գիտություն, հաշվի էր առել, կցել քրեական գործերի նյութերին և ի թիվս այլոց, հիմք էր հանդիսացել խափանման միջոցը մերժելու համար։
Այս անգամ դատարանն ակնհայտ ապօրինի կերպով Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված եղանակով մեր կողմից ներկայացվելիք առարկությունները, գրավոր փաստաթղթերն առանց հիմնավորման չի ընդունել։ Մենք ներկայացնում ենք տեսագրություն, ասում ենք՝ կան 38 անձինք, որոնք ասում են ինչ գործողություններ է կատարել Արսեն Ղազարյանը։ Այդ 38 անձինք նրանք ենք, որոնք Արսեն Ղազարյանի հետ նահանջել են, այսինքն, նա փրկել է այդ մարդկանց։
Մենք ասում ենք հարգելի դատարան՝ քանի որ խնդրում ենք քննիչը հարցաքննի այդ մարդկանց, չի հարցաքննում, մենք ձեզ տալիս ենք տեսանյութ, որտեղ այդ մարդիկ տեսագրություններ են ներկայացնում, ասում են, թե իրականությունն ինչպես է եղել, կցեք քրեական գործին, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե իրականությունն ինչպես է եղել։ Դատարանն առանց որևէ հիմնավորման հայտարարում է՝ ձեզանից որևէ նյութ չեմ վերցնելու։ Ասում ենք՝ մրցակցության, կողմերի հավասարության սկզբունքները խախտում եք, քննիչից նյութերը վերցնում եք, պաշտպանական կողմից չենք վերցնում, ասում է այո՝ պաշտպանական կողմից չեմ վերցնում։
ՍԴ դիմելու միջնորդություն ենք ներկայացնում, դատարանը չի ընդունում։ Այսպիսի բան մենք առաջին անգամ ենք տեսնում։ Ակնհայտ էր, որ ի սկզբանե պետք է կալանավորման որոշում ընդունվեր։
Երկրորդ անգամ կալանքի միջնորդությունը մերժել են օգոստոսի 31-ին, և մեկ օր անց վարույթ իրականացնող մարմինը հարցաքննել է տուժողներից մեկին, ով ասել է, որ 6 ամիս առաջ Արսեն Ղազարյանը փորձել է իր վրա ապօրինի ազդեցություն գործադրել, ընդ որում ոչ թե գործադրել է, այլ ինքը ենթադրել է, որ Ղազարյանը կարող է իր վրա ապօրինի ազդեցություն գործադրել և այդ ցումունքը հիմք է ընդունվել, որպեսզի կալանավորվի Արսեն Ղազարյանը։
Panorama.am- Ինչո՞ւ կամ ո՞ւմ էր պետք Արսեն Ղազարյանի կալանավորումը։
Ս.Խչեյան- Արսեն Ղազարյանին կալանավորել են տուժողների դժգոհությունը բավարարելու համար։
Տուժողների ձայնը շատ բարձր էր, իրենց մտահոգությունն էին հայտնում՝ ցույցեր անելով, փողոցներ փակելով, կառավարությունն իրենից փոխեց դժգոհության ալիքը, ուղղորդեց դեպի Արսեն Ղազարյան և հիմա նրան որպես քավության նոխազ ներկայացնում են՝ ասելու համար, որ ամեն ինչի մեղավորը նա է։
Մենք անընդհատ բարձրաձայնում ենք՝ հարձակման պահին բջջային կապի օպերատորներն անջատվել են։
Քննիչին հարցնում ենք՝ այդ ուղղությամբ որևէ գործողություն կատարվե՞լ է, ասում է՝ ոչ, չի կատարվել։ Միայն Արսեն Ղազարյանը չի ասում, նաև տուժողներն են ասում, որ այդ պահին կապ առկա չի եղել։ Այ մեղավորն այստեղ է՝ թե այդ կապն ում կողմից անջատվեց և ինչու անջատվեց։
Արսեն Ղազարյանը խառնեց բոլորի խաղաթղթերը։ Նրա ջոկատը, մեր ողջամիտ կարծիքն էր, ուղարկվել է այնտեղ բառիս բուն իմաստով զոհ մատուցվելու համար։ Ղազարյանը փրկեց այդ 38 հոգուն, խախտեց բոլոր խաղաթղթերը, դրա համար նրան այսօր մեղադրանք է առաջադրվել։
Եթե Արսեն Ղազարյանը գերի ընկներ մյուսների հետ կամ Աստված մի արասցե դիմեին մարտական գործողությունների ու զոհվեին, ներկայացվելու էր որպես ծանրակշիռ պատճառ, որ մարտական գործողությունների արդյունքում չկարողացան պահել Խծաբերդն ու Հին թաղերը, դրա համար հանձնեցինք թշնամուն։
Panorama.am- Պարոն Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում, ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում։
Ս. Խչեյան- Արսեն Ղազարյանը կալանավորման որոշումից հետո «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ ընդ որում առանց հիվանդանոցից դուրս գրման։
Ամենայն հավանականությամբ, պետք է ՔԿՀ-ի բուժմաս տեղափոխվի, սրտի իշեմիկ հիվանդություն է ձեռք բերել պատերազմական գործողությունենրից հետո, որը որպես այդպիսին կալանավորումը կրելուն խոչընդոտող հիվանդություն է, այսինքն, նա չի կարող կալանքի տակ պահվել, քանի որ ունի ակնհայտ խոչընդոտող հիվանդություն։
Panorama.am- Ի՞նչ հույս եք կապում վերաքննիչ դատարանի հետ։
Ս.Խչեյան- Չգիտեմ, այսօր այնքան սուբյեկտիվ է այդ ամեն ինչը, կախված է, թե որ դատավորին կմակագրվի։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտից ավելի վաղ հայտնել էին՝ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է. ՔԿ
- Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի
- Խծաբերդի և Հին Թաղերի գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի
- ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան