Կյանքից հեռացել է Կորյուն Խումարյանը
Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է հայրը՝ Կորյուն Խումարյանը։
Լրագրող Կորյուն Խումարյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։
«Հայրս` Կորյուն Խումարյանը գնաց: Հոգեհանգիստը՝ վաղը հոկտեմբերի 1-ին 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը»,– հայտնում է նա։
Խումարյանն 80 տարեկան էր։ Ծնվել է 1941թ. նոյեմբերի 1-ին Վրաստանի Սաթխա գյուղում։
Լրագրողական գործունեությունը սկսել է 25 տարեկանից` «Հայաստանի արդյունաբերությունը» ամսագրում։ Ապա ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում։
1987թ.-ից եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի սեփական թղթակիցը Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է աշխատել իբրև Հայաստանում ռուսաստանյան «Օստանկինո» հեռուստառադիոպետկոմի, Ռուսաստանյան հանրային հեռուստատեսության, «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակից։
Աշխատակցել է նաև «Կոմերսանտ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Ուրարտու», «Հայացք Երևանից» հայաստանյան ու ռուսաստանյան պարբերականներին։ Վարել է հեղինակային հաղորդումներ ԽՍՀՄ կենտրոնական և Հայաստանի հեռուստատեսություններում։
1999թ.-ից սկսած Խումարյանը ղեկավարել է Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։