Հաշվեքննիչ պալատի անդամի ՔՊ թեկնածու Եղիշե Սողոմոնյանը ներկա չէր ԱԺ-ում իր հարցի քննարկմանը
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված էր մեկ հարց՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածության և ԱԺ այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ Եղիշե Սողոմոնյանը առողջական խնդիրների պատճառներով բացակայում է նիստից և առաջարկեց հանձնաժողովի նիստը հետաձգել:
Նա հայտնեց, որ գումարվելիք արտահերթ նիստի վերաբերյալ նախօրոք կտեղեկացնեն հանձնաժողովի անդամներին՝ խորհրդարանական ընդունված կարգի համաձայն:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց հետևել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրեմքի պահանջներին՝ ասելով. «Որպեսզի հետագայում օրենքի մասով խնդիրներ չունենանք՝ շատ կարևոր է, որ 145 հոդվածի 3-րդ մասն ամբողջ ծավալով իրացվի, մասնավորապես, որ առաջադրման հստակ ժամկետներ են նախանշված և կարևոր է ոչ թե միայն ֆորմալ առումով նիստը հետաձգել, այլ պետք է հաշվի առնվեն բոլոր ժամկետները»:
Գևորդ Պապոյանը խոստացավ բոլոր հարցերը քննարկել և հաշվի առնել: