Հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք. ԻԱԿ-ի պատասխանը՝ Երևանի քաղաքապետարանին
Այսօր տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ժանգոտ կողպեք շնորհվեց երեք գերատեսչությունների՝ ՀՀ Ազգային ժողովին, Պաշտպանության նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին։
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է այս որոշմանը՝ նշելով, թե իրենք փորձում են անել հնարավորինը, որպեսզի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան ծրագրերի վերաբերյալ ոլորտային տեղեկատվությունը լինի հնարավորին օպերատիվ, հասանելի և մատչելի, այդ կերպ՝ առավելագույնս նպաստել ԶԼՄ-ի կողմից արծարծվող թեմայի, խնդրի արագ լուսաբանմանը:
«Երևանի քաղաքապետարանի և մասնավորապես աշխատակազմի լրատվության վարչության գործելաոճի կարևորագույն սկզբունքներից է.
ԶԼՄ-ների հետ բաց և թափանցիկ աշխատանքը՝ օրենքի տառին համապատասխան: Մենք փորձում ենք անել հնարավորինը, որպեսզի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան ծրագրերի վերաբերյալ ոլորտային տեղեկատվությունը լինի հնարավորին օպերատիվ, հասանելի և մատչելի, այդ կերպ՝ առավելագույնս նպաստել ԶԼՄ-ի կողմից արծարծվող թեմայի, խնդրի արագ լուսաբանմանը:
Հաճախ դուք, հարգելի լրագրողներ, ինքներդ եք փաստում, որ քաղաքապետարան արված մեծ թվով հարցումների պատճառներից մեկը՝ ժամանակին տրված մեր սպառիչ, անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթային հիմնավորումներով ու օրենքների հղումներով պատասխաններն են: Դատելով ձեր գրավոր ու բանավոր արձագանքներից՝ մեր, ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Ձեր, ի դեմս ԶԼՄ-ների ներկայացուցիչների, համագործակցությունը ստացված է:
Այդուհանդերձ, հոկտեմբերի 19-ին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետարանը «արժանացել է» «Ժանգոտ կողպեք»-ի, ինչը մեր տեսակետից առնվազն սուբյեկտիվ և անձնական ամբիցիաների վրա հիմնված անհիմն գնահատական է՝ անհստակ մեթոդաբանությամբ: Որպես պատճառ բերվում է քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ արված մեկ, կրկնում եմ մեկ հարցում, որին, ի դեպ, ինչպես և ԻԱԿ-ի մյուս հարցումներին, նույնպես ժամանակին պատասխանվել է (եթե դա հնարավոր չի եղել, օրենքի հղումով ծանուցել ենք 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին):
Պետական գերատեսչության և լրատվամիջոցի համագործակցության, և ըստ այդմ գործունեությունը որակելու հիմնական ցուցիչը այդ նույն պետական կառույցի լրատվության վարչության հետ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ արված աշխատանքն է, իսկ այս պարագայում, ԻԱԿ-ի մեր գործընկերները առաջնորդվել են , հավանաբար, այլ չափորոշիչներով: Դատողությունները և հետևությունները թողնում ենք Ձեզ»,- նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։
Քաղաքապետարնին արձագանքել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ նշելով.
«Մեզ համար ակնկալելի էր Քաղաքապետարանի ինքնապաշտպանական բնազդի դրսևորումները։ Մեր խորհուրդը ձեզ՝ հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք ձեր ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում, հիմնովին նորոգեք քաղաքացիների հետ աշխատանքի խողովակները, ի վերջո, իրականացրեք ծառայողական քննություն՝ պարզելու ինչու՞ պատշաճ ընթացք չի տրվել Ֆիզգառադոկի բնակիչների, ինչպես նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բազմաթիվ հարցումներին և բողոքներին։
Երևանի քաղաքապետարանին տրվել է ժանգոտ կողպեք երկու հիմքով՝
Առաջին հիմքը ԻԱԿ-ի հարցման ոդիսականն է.
ԻԱԿ-ին արդեն երեք ամիս է չի հաջողվում ստանալ հարցման լիարժեք պատասխան։ Նույնաբովանդակ մի քանի հարցումների պատասխանները ներկայացվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառմամբ կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Իսկ վարչական բողոքը մնացել է անպատասխան։
Այսպիսի համառություն մենք երկար տարիներ ականատես չէինք եղել եւ ստիպված ենք այս կառույցին հանդիպել արդեն դատարանում։
Երկրորդ հիմքը Ֆիզիկայի բանավանի պատմությունն է։
Ավելի քան երկուսուկես տարի բնակիչները փորձում են ստանալ անհարժեշտ տեղեկատվություն իրենց շահերի պաշտպանության համար։ Քաղաքապետարանը բազմիցս խախտել է բնակիչների՝ տեղեկություն ստանալու լինելու իրավունքը, չի տրամադրել և կամ ուշացրել է կարևոր փաստաթղթերի տրամադրումը, չի տվել առարկայական ու կոնկրետ պատասխաններ նրանց հարցերին։
Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին,
• Քաղաքացիները երկու անգամ 500 ստորագրությամբ ու անձնական տվյալներով նամակ են ուղարկել անձամբ քաղաքապետին, ուղիղ և ավագանու միջնորդությամբ հանդիպում են խնդրել քաղաքապետի հետ, առաջարկել են քննարկել խնդիրը, հրավիրել են բանավան․․․ Որևէ անգամ քաղաքապետը անձամբ չի պատասխանել քաղաքացիներին, որևէ արձագանք չի ստացել անձամբ հանդիպելու դիմումը, ոչ մի պատշաճ արձագանք չի եղել 500 քաղաքացիների պահանջին ու մտահոգությանը։
• Չեն տրամադրվել անհրաժեշտ Շինփաստաթղթերը
• Արդյունքում, թաղամասի բնակիչները զրկվել են օր առաջ նշված փաստաթղթերը դատական կարգով վիճարկելու և հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունից»։
Հարակից հրապարակումներ`
- «Արևի լույսի» իրավունքը խախտելու համար ՊՆ-ն, ԱԺ-ն ու քաղաքապետարանն արժանացան «Ժանգոտ կողպեք» մրցանակի
- ԻԱԿ. «Ժանգոտ կողպեք»-ի համար նախատեսված է երկու անվանակարգ