Իշխանությունները կվերածվեն վիրավոր գազանի, սպասեք իրենց կերպարին հարիր քայլերին. Կարինե Նալչաջյան
«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ինչ-որ մի բան մեր հասարակության գիտակցության, ընկալումների մեջ փոխված է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա չբացառեց, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել են նաև զինծառայողների՝ քվեարկությանը չմասնակցելու փաստը, բայց հասարակության տրամադրությունների փոփոխություններն էլ զգալի են, որն էլ ապահովել է ընտրությունների վերջնական ելքը:
«Ինքնախաբեությամբ հնարավոր է ինչ-որ մի տեղ գնալ, բայց մի կետում մարդիկ կանգ են առնում, մանավանդ, երբ վտանգը մոտենում է նրանց, վտանգի զգացողությունը շատ մեծ է»,- հայտարարեց հոգեբանը և բացատրեց, որ հասարակությունը սկսել է գիտակցել թշնամու կողմից եկող իրական վտանգը և հավելեց. «Մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքն ամրանում Սյունիքում և Գեղարքունիքում, իսկ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, թե խնդիր չկա, խաղաղ ենք ապրելու և խաղաղության դարաշրջան ենք բացելու»:
Նալչաջյանը նկատեց, որ իշխանությունների խաղաղասիրությունը ծիծաղելի վարք է, քանի որ նրանք երկիրը հասցրել են այն վիճակի, երբ այն արդեն դադարել է տարածաշրջանում գործոն լինելուց:
«Տան ներսում միամիտների մոտ գլուխ ես գովում, թե խաղաղության դարաշրջան ես բացում»,- ասաց հոգեբանը և շեշտեց, որ արտաքին հարաբերություններում այդ հայտարարությունը ծիծաղ է առաջացնում:
Նա ասաց՝ ՔՊ-ն պետք է հասկացած լինի, որ պարտված է, քանի որ պետական ռեսուրսների կիրառման դեպքում էլ արդյունքի չհասավ, ինչը նշանակում է, որ հասարակությունն ուղղում է մեջքը:
«Նրանք կվերածվեն վիրավոր գազանի»,- հայտարարեց Նալչաջյանը՝ կեղծ համարելով իշխանությունների հանդուրժողական շնորհավորանքները հաղթողներին:
Հոգեբանի խոսքով՝ իշխանությունների բարոյական կերպարը և վարքի բնութագիրը հուշում է, որ պետք է սպասել իրենց կերպարին հարիր քայլերի: