Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է
Քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Ըստ տարածած հաղորդագրության, համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:
Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ