ԳՀԽ-ն անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու
Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ է կատարել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
ԳՀԽ իր մտահոգությունն է հայտնել, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։
«Խիստ անհանգստացնող համարվել է նաև, որ առկա իրավիճակը, հանրության տարբեր շրջանակներում աննպաստ մեկնաբանությունների ու տրամադրությունների տեղիք տալով, հարվածում է նվիրապետական հինավուրց մեր Աթոռի վարկին ու հեղինակությանը։
ԳՀԽ գոհունակությամբ արձանագրել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ է ուղղվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։
ԳՀԽ հույս է հայտնել, որ Պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն»։
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում՝ պատրիարքարանի կողմից վարձակալության հանձնված հողատարածքի պատճառով
- Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել կատարված դեպքի համար