«Հայրենիք»-ի թեկնածուն խոստանում է Վանաձորը դարձնել զբոսաշրջային քաղաք
«Ուզում եմ բոլորիդ աչքերի մեջ նայելով ասել, որ շատ շուտով Թթու ջուր կոչվող տարածքից սկիզբ է առնելու մեր կողմից կառուցվելիք ճոպանուղին մինչև Մայմեխի ստորոտ, ունենք ներդրող»,-նախընտրական քարոզչության մեկնարկի օրը աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության կողմից Վանաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված Վահե Դոխոյանը։
Նա հավատացրեց, որ ծրագիրը շատ արագ կյանքի են կոչելու, ապա մանրամասնեց՝ ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 2.5 մլն դոլար, ճիշտ այնքան, որքան Լոռու մարզկենտրոն քաղաքի բյուջենն է։
«Մեր ազնիվ, երիտասարդ, բանիմաց թիմին վստահում են այսպիսի ներդրողներ»,- ասաց նա։
Իր խոսքում Վահե Դոխոյանն անդրադարձավ քաղաքում առկա տնակների խնդրին. 330 տնակ կա, որտեղ ապրում են համաքաղաքացիները։
«Լավ օրից չէ, բայց սրա վերաբերյալ էլ ունենք կոնկրետ ծրագիր»,- ասաց Դոխոյանը՝ նշելով, որ նախատեսում են շենքեր կառուցել Բազում և Տարոն թաղամասերում։
Այս ծրագրի արժեքը կազմում է 7 մլն դոլար, այս դեպքում էլ կա ներդրող։
«Տնակները հիմնականում գտնվում են Նաբերեժնի կոչվող տարածքում։ Այդ շենքերի կառուցումից հետո, բնակիչները կտեղափոխվեն բնակարաններ, իսկ այդ տարածքից տնակները կհանվեն։ Ներդրողն այնտեղ կկառուցի ատրակցիոններ։ Նաբերեժնին մեզ համար կդառնա այցեքարտ։ Մենք Վանաձորը դարձնելու ենք զբոսաշրջային քաղաք»,- ասաց Վահե Դոխոյանը։
Թեկնածուի խոսքով, այս երկու ծրագրի արդյունքում Վանաձորում կստեղծվի 500 աշխատատեղ, կմեծանա զբաղվածությունը, մարդիկ հնարավորություն կունենա վարձով տրամադրել իրենց բնակարանները, կակտիվանա սպասարկման ոլորտը, մանր ու միջին բիզնեսը։
«Եթե հավատում եք մեր թիմին, վստահում եք, եթե ուզում եք՝ այդ ծրագրերն իրականություն դառնան.. ես ծնվել ու մեծացել եմ բարոյական ընտանիքում, ես իրավունք չունեմ հուսախաբ անել վանաձորցուն։ Ես խոստումս իրականություն եմ դարձնելու»,- ասաց նա՝ կոչ անելով դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընտրել 7 քվեաթերթիկը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Վանաձորում բավականին թեժ մրցակցություն է սպասվում
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին
- Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը