Երևանում գիշերվա սպանությունների վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
28 տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ. սրանք հայտնաբերվել են չորս տղամարդու սպանության պատճառ դարձած միջադեպի վայրից։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ Քանաքեռ 16 փողոցի տներից մեկում անձ է վիրավորվել: Ըստ նույն օրը հիվանդանոցներից ստացված ևս երկու ահազանգի՝ Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Վերոնշյալ 61 և 38-ամյա տղամարդիկ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Նշված տան բակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու՝ 43 և 37-ամյա տղամարդկանց դի։
ՔԿ-ն տարածել է տեսանյութ, որտեղ մանրամասներ է ներկայացրել սպանությունների վերաբերյալ։