2018 թվականին մեզ կործանողն ագահությունն էր, այսօր կործանում են ամբիցիաները. Կարինե Նալչաջյան
«Եթե 2018 թվականին մեզ կործանողները ագահությունը, նյութապաշտությունն ու նախանձն էին, ապա հիմա մեզ կործանում են ամբիցիաները, եսասիրությունը, եսակենտրոնությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտում հենց ազատագրական մի գործընթաց է սկսվում, հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են խոսել իրենց ամբիցիաների մասին, որոնց ուսումնասիրելով պարզվում է, որ նրանք կամ Փաշինյանի հետ երկար համագործակցած են կամ նրա կապերը տանում են ԱՄՆ:
Հոգեբանը հատկապես վտանգավոր համարեց հասարակության մեջ պառակտվածության այն աստիճանը, երբ արդեն միավորելը շատ դժվար է լինելու:
«Շատ ազնվագույն մարդիկ են գալիս հարթակ և տեսնում ես, որ ինչ-որ ներթափանցումներ էլ են եղել ընդդիմադիրների շարքերը, այստեղ շատ լուրջ աշխատանք է պետք, չի կարելի վարկաբեկել սկսված ազնիվ շարժումը»,-հայտնեց Նալչաջյանը:
Բանախոսը հայտնեց, որ փողոցում մարդիկ մոտենում ու իրեն հերցնում, թե ո՞ւր է «Հայաստան» դաշինքը և ինքը չունի հարցի պատասխանը, բայց գտնում է, որ պայքարի բոլոր ճանապարհները պետք է օգտագործվեն:
«Որպես հայրենիքը սիրող անձ, իմ հորդորը բոլորիս՝ դանդաղել չի կարելի, թշնամին շատ զգոն, նենգ ու դավադիր է, և զբաղված է մեր մեջ եղած պառակտման խորացմամբ»,-շեշտեց հոգեբանը և կոչ արեց չտրվել թշնամական ներգործություններին:
«Ազգային ազատագրման այսօրվա շարժման մասին երբեմն ասում են՝ ինչ-որ մարդիկ են այնտեղ հայտնվել և ուզում են առաջին շարքերում լինել,մենք ինչո՞ւ պետք է գանք ձեզ միանանք: Ախր ամոթ է, այս տրամաբանությամբ մենք ջուր ենք լցնում Նիկոլի և այլ թրքաբարոների ջրաղացին, չի կարելի այսպես մտածել»,-հայտարարեց Կարինե Նալչաջյանը:
Կոչ անելով զգուշանալ ներքին պառակտիչ գործընթացից և դրա դեմ ֆիլտրեր դնել՝ բանախոսը միևնույն ժամանակ նկատեց, որ իրականության խեղված ընկալում կա նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք կարծես այդ ընդդիմադիր գործունեության մեջ են ներգրավված:
«Բարիկադների մի մասում հայ մադիկ են, որոնց համար թանկ է Հայաստանը, իր ընտանիքը, երեխան և մյուս կողմում է թուրքը և թրքացածը»,-ասաց հոգեբանը և հավելեց «Երբ դավաճանը՝ ռենեգատը, արդեն իրեն թույլ է տվել ծառայել թշնամուն, ինքը շատ ավելի թշնամի է, քան բուն թշնամին»:
Նա կոչ արեց ոստիկանությանը չկատարել իշխանությունների ապօրինի գործողությունները. «Թուրքի համար կա միայն համահարթեցման երևույթ, թշնամու համար մենք բոլորս նույնն ենք: Երբ թուրքը մտնի Երևան, հարգելի ոստիկա՛ն, մտնի ձեր տունը և, լեզուս էլ չի պտտվում ասել, ձեր երեխաներին ձեր առաջ մորթի, ինքը չի նայելու, թե իր ոստիկան հայրը կարմիր կամ այլ գույնի բերետ ունի»: