Պետական ապարատի անգործությունը հանգեցնում է մեկ անձից գնման, իսկ այդ դեպքում պետբյուջեից ավելի գումարներ է ծախսվում. Թ.Ավետիսյան
«Պետական գնումներն իրականացվում են մեր բոլորի հարկերի հաշվին և կարևոր են, որովհետև դրանցով ապահովվում են պետական գործառույթները»,- ԱԺ-ում Պետական գնումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ 2019թ.-ին, երբ չկային որևէ արտառոց դեպքեր, մեկ անձից բացառիկ գնումները, իսկ մեկ անձից թույլատրվում է գնում հատուկ դեպքերում, օրենքով սահմանված են բացառությունները, անհամեմատ ավելի շատ են եղել, քան 2018թ. կամ 2020թ., երբ արտառոց դեպքեր կային և ենթադրվում էր, որ մեկ անձից գնումները պետք է շատ լինեին։
«Հիմա նորից առաջարկվում է որոշակի բացառություն ընդհանուր կանոններից։ Ինչքան էլ անուն, մեթոդաբանություն փոխենք և մեկ անձից գնումը էլ չհաշվենք մեկ անձից գնում, հարց է առաջանում` բացառիկ դեպքը ինչո՞ւ է վրա հասնում: Բացառիկ դեպքերը բազմաթիվ են եղել, երբ պետական լիազոր մարմինն իր ապաշնորհության, անգործության հետևանքով մրցութային ընթացակարգով նախատեսված գնումը դարձրել է բացառիկ դեպք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Որպես օրինակ Թ.Ավետիսյանը բերեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը. «Մրցույթ է հայտարարվել, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը պետք է լինեն պայմանագրեր շուրջօրյա խնամքը ոչ պետական կազմակերպությունների միջոցով անելու վերաբերյալ: Մրցույթը եղել է, եկել են, մասնակցել են, մինչև վերջերս, երկու օր առաջվա տվյալներով, դեռ պայմանագրերը չկան։
Այսինքն պետական ապարատի անգործությունը կամ ոչ արդյունավետությունը հանգեցնում է մեկ անձից գնման, մեկ անձից գնման ժամանակ էլ պետական բյուջեից ավելի գումարներ է ծախսվում։
Բայց նախագծով այսպիսի մի հնարավորություն է նորից առաջարկվում, որը հետագայում չգիտես ինչ կիրառություն կունենա:
Սա խնդիր է, որը պետք է բոլորիս հուզի»,- ասաց Թ.Ավետիսյանը: