Գերմանիայի խորհրդարանը կողմ է ԻՊ-ի դեմ պայքարին Գերմանիայի մասնակցությանը
Գերմանիայի խորհրդարանական մեծամասնության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության անդամները, կողմ են արտահայտվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարին Գերմանիայի մասնակցությանը: «Der Spiegel» պարբերականի վրա հղումով՝ հաղորդում է «Коммерсант»-ը:
«Գերմանիան պետք է պատրաստ լինի «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ սկսելուն: Որտեղ և երբ, արդեն կախված է մեր գործընկերների հետ համագործակցությունից»,-աղբյուրի հաղորդմամբ՝ նշել է ՔՍՄ-ի ներկայացուցիչ Թոմաս Հիտչլերը:
Նշվում է, որ ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելուն կողմ է արտահայտվել նաև ՔԴՄ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոդերիկ Քիզեվեթերը.
«Գերմանիան վճռական օժանդակություն է ցուցաբերում միջազգային կոալիցիային՝ վերջինիս ներկայացնելով հետախուզական բնույթի տեղեկատվություն»,- նշել է նա:
Միաժամանակ հաղորդվում է, որ խորհրդարանում Կանաչների կուսակցության անդամները դեմ են արտահայտվել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին Գերմանիայի մասնակցությանը:
«Իհարկե, մենք մեր ֆրանսիացի ընկերների կողքին ենք: Սակայն նրանց ցուցաբերած զորակցությունը չի նշանակում, որ մենք միանում ենք ռազմական գործողություններին»,- նշել է Կանաչների կուսակցության ղեկավար Պյոտր Սիմոնեն:
Տեղեկացվում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ը հավանության էր արժանացրել ԻՊ-դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին ֆրանսիական բանաձևը՝ կոչ անելով «ձեռնարկել միջազգային իրավունքին համահունչ անհրաժեշտ բոլոր միջոցառումները»: