Արմեն Չարչյանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
«Բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց երկու փաստաթղթղով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ ինձ որպես ԱԺ պատգամավոր իրավունք չունեին կալանավորելու և բժշկական միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ առողջական վիճակից ելնելով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի այն ամենը, ինչ կատարվեց իր անձի շուրջ։
Հիշեցնենք, որ Ա. Չարչյանը, չնայած առողջական վատ վիճակին, մի քանի ամիս կալանավորված էր։
Նա հայտնեց, որ առողջական վիճակը որոշակիորեն բարելավել է, արդեն կարող է անցնել աշխատանքի, գալ Ազգային ժողով։
«Լինելով պատգամավոր, իրավունք ունեմ բժշկության մեջ զբաղվել միայն գիտական և կրթական գործունեությամբ։ Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով, նաև գիտական աշխատանքով»,- ասաց Ա. Չարչյանը։
Պրոֆեսորն ընդգծեց, որ կալանավորումն իր հայացքների, մտածելակերպի, աշխարհայացքի վրա որևէ ազդեցություն չի թողել, իր քաղաքացիական դիրքորոշումը, ուղղվածությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։
Հարցին՝ խոսակցություններ կան, որ պատրաստվում է մանդատը վայր դնել, իշխանությունը պայման է դրել իր առջև՝ թողնի քաղաքականությունը, իրեն հանգիստ կթողնեն, Ա. Չարչյանը պատասխանեց. «Իշխանությունների հետ որևէ կապ՝ ոչ ուղղակի, ոչ քողարկված, չեմ ունեցել, ասեմ ի գիտություն՝ իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ այդ ուղղությամբ։ Այդ ամեն ինչը մտացածին հերյուրանքներ են։
Այս հարցին կպատասխանեմ Մարկ Տվենի խոսքերով՝ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:
Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին, միայն մեկ նպատակով, որ կարողանամ առավել բարեկեցիկ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենալ։ Երբ այդ ամեն ինչը կհարթվի, ես հաճույքով կվերադառնամ վիրահատարան»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ նոր գործ կհարուցվի իր նկատմամբ, Արմեն Չարչյանն ասաց. «Մտավախություն բառի մեջ կա վախ բառը. եթե ես երբ այրվող ինքնաթիռից վիրավոր հիվանդ եմ հանել, այդ ժամանակ վախ չեմ ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Միջոցներ են ձեռնարկվելու դատավոր Ռուբիկ Մխիթարյանը պատասխանատվության ենթարկվի. Չարչյանի պաշտպան
- Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
- Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան