Կոմունիկացիաների բացման կոնտեքստում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք. Փաշինյան
Այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Փաշինյանի ներկայացմամբ, առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են և հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու համար։ Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է։
«Ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագծի կամ, եթե կարճ ասած, Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանից Իրան, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան, հետագայում նաև՝ Նախիջևան-Թուրքիա։ Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կոնկրետ շինարարական ընկերություն կունենան, որը կիրականացնի աշխատանքները։
«Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների ու համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Նա հայտնեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար։ Նրա խոսքով, տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, առաջիկայում, հույս ունեն, ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի։
Փաշինյանը նշեց, որ նախաորակավորման փուլը տևելու է 70 օր, այդ ընթացքում ընկերությունները հայտ կներկայացնեն, որից հետո արդեն որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարական աշխատանքների համար հայտարաված մրցույթին։
«Պետք է ամեն ինչ անենք, որ այս պրոցեսը մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք, գործնականում մնա միայն իրագործման փուլը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն
- Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
- Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից. Փույա Հոսսեինի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան