
Բյուջեից 11 մլն դրամ՝ հանուն ՔՊ-ի և Գարիկ Սարգսյանի քմահաճույքի
Կառավարության նիստում այսօր գործադիրը մոտ 11 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը մարտի 27-ին կայանալիք Վեդիի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար։
Օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը վերաբերում է այդ որոշման նախագծին։ Ընտրողների ցուցակների տպագրության, ընտրողների ծանուցման համար ոստիկանությանն անհրաժեշտ է տրամադրել 10,836.0 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի խոշորացված Վեդի համայնքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին կայացած համամասնական ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթանակ չտարավ, «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելու համաձայնություն չկայացավ։
Արդյունքում, ավագանու՝ ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների ընտրացուցակներից ընտրված ավագանու անդամներն ու ցուցակներում ներառված բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին՝ ըստ էության ստիպելով նշանակել նոր ընտրություններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Թարթիկյանի ղեկավարած քաղաքական ուժը ՔՊ-ից ավելի շատ ձայներ էր հավաքել։
Քվեարկությանը մասնակցել էր 20 125 մարդ։ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ։ Ծնունդով արարատից Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։
Մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններում ընտրացուցակ է առաջադրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ընտրացուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, որին Նիկոլ Փաշինյանը նշանակել է Վեդի համայնքապետի պաշտոնակատար, ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է խոշորացված Վեդիի կազմի մեջ մտած Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։
Արտահերթ ընտրությունների քարոզչությունը մեկնարկում է այսօր՝ մարտի 3-ին, կշարունակվի մինչև մարտի 25-ը ժամը 24։00-ը։
Մասնակից քաղաքական ուժերը, դրանցում ներառված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև մարտի 17-ը։ Քվեաթերթիկները տպագրվում են մարտի 17-ին։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ավարտվում է մարտի 28-ին ժամը 16։00-ին։
Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերահաշվարկի վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել մարտի 28-ին ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, մարտի 29-ին ժամը 9։00-ից մինչև 11։00-ն։
Վերահաշվարկի աշխատանքները սկսում են մարտի 29-ին ժամը 14։00-ից, ավարտվում են ապրիլի 1-ին ժամը 14։00-ին։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է ապրիլի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վեդիի քաղաքապետի պաշտոնի համար երկու ուժ է պայքարելու
- Վեդիում առաջադրումները վաղը կավարտվեն
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մարդկանց դրամական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել, որի իրավունքը չուներ
- Վեդիում առաջադրումները կմեկնարկեն փետրվարի 10-ին
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում և սերտ համագործակցում է իրավապահների հետ
- Գարիկ Սարգսյանն ազատել է իրեն պարտության մատնած համայնքապետերին
- Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին
- Կառավարության որոշմամբ` Վեդիում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ
- Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում
Լրահոս
Տեսանյութեր



