Սպառողների պահանջատիրությունն ու աչալրջությունը օգնում է ՍԱՏՄ-ին, զգոն դարձնում տնտեսվարողներին
«Առողջ սնունդն է առողջ ապրելակերպի ու առողջ սերունդ ունենալու գրավականը»,- Սննդամթերքի անվտանգության միջազգային օրվան ընդառաջ հիշեցնում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ որոշմամբ 2019 թվականից սկսած հունիսի 7-ը նշվում է որպես Սննդամթերքի անվտանգության միջազգային օր։
Տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստեց՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմազան, օբյեկտիվ ու սուբյեկտիվ։ Սննդամթերքի անվտանգության շղթան ներառում է դաշտից մինչև պատառաքաղ, ֆերմայից մինչև սեղան օղակները, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի անվտանգ, առողջ սննդամթերք ունենալու գործում։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում Դանիելյանը հայտարարեց՝ վերջին տարիներին ոլորտում դրական միտումներ կան, բայց դա ոչ միայն տեսչական մարմնի աշխատանքի, այլև հասարակության պահանջատեր լինելու արդյունք է։
«2007-ին, երբ ստեղծվեց սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչությունը, ես Երևան քաղաքի տեսուչ էի աշխատում։ Չկար այնպիսի խանութ, որտեղ չգտնեինք պիտանելիության ժամկետի խնդիր ունեցող մեծաքանակ ապրանքներ։ Դա պայմանավորված էր ոչ միայն վատ վերահսկողությամբ, այլև հասարակության մոտ չկար ձևավորված այն կուլտուրան, որ ապրանքը գնելիս պետք է ստուգել ժամկետները։ Այսօր իրացման ցանցում մենք այլ պատկեր ունենք»,-ասաց նա։
ՍԱՏՄ պաշտոնյան հիշեցնում է, որ սննդամթերքի մակնշման մեջ առկա տեղեկատվությունն ամբողջությամբ սպառողի համար է, այնտեղ կա նշում թե տվյալ արտադրանքի բաղադրության, թե ալերգեների, բուսական յուղերի, կաթնային փոխարինիչների և այլնի առկայության մասին։
Սննդամթերքի անվտանգության վարչության պետի խոսքով, տարիներ շարունակ հետևողական վերահսկողության արդյունքում տնտեսվարողներն էլ ավելի աչալուրջ են դարձել, ինչի արդյունքում տեսչական մարմնի կողմից կիրառվող սահմանփակումների թիվն է նվազել։
«Օրինակ անցած տարի ստուգումների արդյունքում ավելի քան 60 տնտեսվարողի գործունեության կասեցման որոշում է կայացվել։ Դրան նախորդող տարիներին այս որոշումների թիվն ավելի մեծ է եղել։ Գործունեության կասեցումից հետո մենք հետևում ենք, որ թերությունները, խնդիրները վերացվեն, պայմանները համապատասխանեցվեն օրենքով սահմանված պահանջներին։ Միայն դրանից հետո թույլատրում ենք նրանց գործունեության վերսկսում։ Սա նաև դաս է լինում այլ տնտեսվարողների համար»,-մանրամասնեց բանախոսը։
Արտադրության փուլից հետո կարևոր է, որ սննդամթերքի տեղափոխումը դեպի իրացման ցանց իրականացվի պատշաճ պայմանների պահպանմամբ, խանութում էլ սննդամթերքը պետք է պահպանվի այն պայմաններում, ինչ մակնշել է արտադրողը։
«Դիտարկումների արդյունքում շաբաթվա կտրվածքով տասնից ավելի դեպքեր ենք հայտնաբերում, երբ խախտվում են պահպանման պայմանները։ Խախտումներ թույլ տված տնտեսվարողները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, մենք թիրախավորում ենք այն ոլորտները, որոնք ռիսկային են»,-ասաց նա։
Օրինակ, տեսչական մարմնում մտադիր են առավել ռիսկային համարվող մսի շուկայում սկսած ռեֆորմներն ավարտին հասցնել, որպեսզի շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման միս ու մսամթերք։
«Ճիշտ է, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց լավ արդյունքներ ունենք։ Շուկայում վաճառվող մսեղիքի գերակշռող մասն ուղեկցվում է սպանդանոցային ծագման փաստը հավաստող փաստաթղթով, դրան զուգահեռ ավելանում են սպանդանոցները։ Եզակի դեպքեր կան, երբ քաղաքացիների կողմից մորթ է իրականացվում ու զարտուղի ճանապհներով միսը հասցվում է շուկա»,-նշեց նա։
Ռիսկային է նաև կաթնամթերքի շուկան, հատկապես ամռան շոգին դրա արտադրությունը, տեղափոխումը, պահպանումը պետք է իրականացվեն սահմանված պահանջներին համապատասխան։
«Ամռան ամիսներին մեր վերահսկողությունն այս շուկայում ավելի է ուժեղանում»,-ասաց նա։
Սննդամթերքի օրվան ընդառաջ ՍԱՏՄ-ն կարևորում է քաղաքացիներին, տնտեսվարողների շրջանում իրազեկման աշխատանքները, տեսչական մարմնի ներկայացուցիչն էլ առաջարկում է վարչական պատասխանատվության չափն ավելացնել, որպեսզի այն առավել լուրջ կանխարգելիչ գործիք դառնա։
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորման քրգործով 9 անձ տուժող է ճանաչվել
- «Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է
- Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից
- Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր