Յուրա Մովսիսյան. Վստահ եմ, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» առաջատարը
Յուրա Մովսիսյանը 2010-ականների ՌՊԼ-ի ամենավառ հարձակվողներից է եղել, ով առաջնությունում դարձել է 48 գոլի հեղինակ։ 2012/13 Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն էր, ուրախացրել էր «Սպարտակի» երկրպագուներին «Զենիթի» և «Թերեքի» դեմ հեթ-տրիկներով։
«Սպարտակից» հեռանալուց հետո Յուրա Մովսիսյանը վերադարձել է ԱՄՆ։ 2018 թվականից հետո չի խաղացել ամենաբարձր մակարդակով, թեև Մովսիսյանն այն ժամանակ ընդամենը 31 տարեկան էր։
Metaratings.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ հիմա ընտանիքի հետ է, երեխաներին տանում էմարզումների՝ տղան ֆուտբոլով, աղջիկները մարմնամարզությամբ են զբաղվում։
«Բացի այդ, եթե ֆուտբոլում հարցեր կան, ես փորձում եմ օգնել բոլորին։ Ես՝ որպես Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, փորձում եմ օգտակար լինել, տարբեր հարցերով զանգեր եմ ստանում»,- ասել է Մովսիսյանը։
- Մեծ ֆուտբոլը կարոտո՞ւմ եք: Վերադառնալու ցանկություն եղե՞լ է։
-Հավանաբար, ոչ: Երբ որոշեցի ավարտել կարիերաս, մի օր արթնացա և որոշեցի ավարտել, իսկ հաջորդ օրը ասացի. «Ոչ, ես պետք է մի քիչ էլ խաղամ»: Մեկ միտք կար՝ երեխաներս տեսնեն, թե ինչպես եմ ես ֆուտբոլ խաղում։ Նրանք հիմա մեծ են և ավելի շատ են հասկանում։ Ֆուտբոլն իմ կյանքն է, բայց ես սաստիկ ցավեր ունեմ, դա ինձ հետ է պահում վերադառնալու ցանկությունից:
- Վերջերս Հայաստան էիք այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին, որտեղ մասնակցեցիք լեգենդների և վետերանների հանդիպմանը: Ի՞նչ էմոցիաներ են մնացել։
-Ամեն ինչ հիանալի անցավ: Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու համար, թե ինչքան լավ էր:
Գնալ Հայաստան, Յուրի Ջորկաեֆի հետ նույն թիմում խաղալ լեգենդների և վետերանների հանդիպմանը… Ես այդ 10 օրը հեքիաթի մեջ էի:
- Մխիթարյանի համար դեռ վաղ չէ՞ր կարիերան հավաքականում ավարտելը։
- Յուրաքանչյուր խաղացող ինքն է որոշում, ես նույնպես շուտ ավարտեցի: Բայց որ նա հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, կասկած չկա, նման խաղացողը ցանկացած պահի կօգներ ազգային հավաքականին։
- Երիտասարդներից ինչ-որ մեկը կարո՞ղ է նույն մակարդակին հասնել: Օրինակ՝ Էդուարդ Սպերցյա՞նը, թե՞ Վահան Բիչախչյանը։
- Այո, իհարկե: Տղաները նման պոտենցիալ ունեն, երկուսն էլ շատ ուժեղ խաղացողներ են, շատ լավ ապագա ունեն։
- Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր», կարո՞ղ է այնտեղ առաջատար դառնալ:
-Հիանալի տրանսֆեր, «Ինտերը» մեծ ակումբ է։ Ես իսկապես հույս ունեմ, որ Հենրիխը կկարողանա մեծ բարձունքներ նվաճել նոր ակումբում և, վստահ եմ, որ նա կդառնա առաջատար և իր խաղով բոլորին կապացուցի, որ վատը չէ մյուս խաղացողներից։ Կարևորը նրա առողջությունն է, մնացածն ինքը կանի այնպես, ինչպես պետք է։
Հարակից հրապարակումներ`
- «Ինտեր». «Բարի գալուստ, Մխիթարյան»
- Այս ակումբը և Հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում. Մխիթարյանի շնորհակալությունը՝ «Ռոմա»-ին
- Ա սերիան գրանցել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր»
- Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
- Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ Հայաստան վերադառնալու և այն պաշտպանելու համար. Յուրա Մովսիսյան