Կայացել է Սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ծառայողները նշել են կազմավորման 30-ամյակը։
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և պաշտոնտար այլ անձինք:
Փաշինյանը, շնորհավորելով Սահմանապահ զորքերի զինծառայողներին, իր խոսքում նշել է. «Մեր ողջ պատմության ընթացքում` երրորդ հանրապետության, Սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի հայեցակարգի առումով, Սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության սիմվոլ են և խաղաղության խորհրդանիշ»:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել են՝ կապիտան Հրանտ Գևորգի Արզումանյանը` «Արիության» մեդալով, իսկ ավագ սերժանտ Կառլեն Էդիկի Սարգսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները հանձնվել են հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է նաև փոխգնդապետ Վահան Վալերիի Համբարձումյանը և մայոր Վլադիմիր Սերգեյի Թումասյանը:
Ավանդույթի համաձայն՝ հնչեց «Սահմանապահ ենք» երգը, որից հետո նվագախմբի ուղեկցությամբ Սահմանապահ զորքերի զինծառայողները ցուցադրել են շարային, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։
Միջոցառման ավարտին բարձրաստիճան հյուրերը և գերատեսչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ