Նեդ Փրայսը՝ Իրանի ու Ադրբեջանի հռետորաբանության աճող լարվածության մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսից ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են Ադրբեջանի ու Իրանի միջև հռետորաբանության աճող լարվածության մասին։
«Իրանից որոշ հայտարարություններ եղան, ըստ որոնց Ադրբեջանին մեղադրում են Իրանի տարածքում ահաբեկչական գործողության իրականացման համար։ Արդյոք ԱՄՆ-ն ի վիճակի կլինի՞ կանգնել հարևան երկրների կողքին ու պաշտպանել նրանց, եթե Իրանը շարունակի հռետորաբանությունը նրանց դեմ»,-հարցրել են Փրայսին։
ԱՄՆ պետդեպարտամնետի խոսնակն իր պատասխանում շփոթում է երկիրը.
«Մենք կարևոր երկկողմ հարաբերություններ ունենք այս բոլոր երկրների հետ: Դուք նշեցիք Հայաստանը։ Իհարկե, պետքարտուղարը ավելի վաղ հնարավորություն է ունեցել տեսնել իր հայ գործընկերոջը»։
Լրագրողն ուղղել է՝ Ադրբեջան է ասել։
«Պետքարտուղարն այս շաբաթվա սկզբին հնարավորություն է ունեցել տեսնելու իր ադրբեջանցի գործընկերոջը։ Մենք շատ հստակ ենք եղել, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և տարածաշրջանում, և գուցե դրանից դուրս»,-ասել է նա։