Գյումրիում ադրբեջանցի լուսանկարչի արված լուսանկարներն ընդգրկվել են National Geographic-ի լավագույնների թվում
National Geographic-ը հրապարակել է 2022թ-ի տարվա լավագույնը ճանաչված լուսանկարները։ Աշխարհի 60 երկրներից 132 լուսանկարիչներ ուղարկել են 2.238.899 լուսանկար։ Լավագույնն են ճանաչվել 49-ը։
Դրանցից երկուսն արված են Գյումրիում։ Լավագույների ցանկում են նաև 2 հայազգի լուսանկարիչների աշխատանքներ, որոնցից մեկն արվել է Տաջիկստանում, մյուսը՝ ԱՄՆ-ում։
Գյումրիում արված լուսանկարների հեղինակը ադրբեջանցի լուսանկարիչ Ռենա Էֆենդին է։ Նա հյուրընկալվել է գյումրեցի Պարգև Ղազարյանի տանը, լուսանկարել նրան ու միջատների նրա հավաքածուն։
Լուսանկարներին կից գրության մեջ նշվում է, որ Էֆֆենդին վայրի բնության մեջ երբևէ չի հանդիպել հոր՝ միջատաբան Ռուստամ Էֆենդու պատվին անվանակոչված թիթեռին, բայց նա այն լուսանկարել է տաքսիստ Պարգև Ղազարյանին պատկանող հավաքածուից։
Ադրբեջանցի հայտնի լուսանկարիչը լուսանկարել է նաև Պարգև Ղազարյանին՝ նշելով, որ նա ծնվել է Ադրբեջանում, երկու երկրների միջև հակամարտության հետևանքով տեղափոխվել է Հայաստան։
«Կարծես նա հայտնվել է ժամանակի պարկուճի մեջ»,-նշել է լուսանկարիչը հերոսի մասին։
Լավագույն լուսանկարներից մեկի հեղինակը Անուշ Բաբաջանյանն է։ Նա Տաջիկստանի Ֆարխոր քաղաքում լուսանկարել է 63-ամյա Ռանոբի Իսլոմովային, որը վիրահաությունից հետո պառկած է մեքենայի հետևի հատվածում՝ սպասելով տուն վերադառնալուն:
Հետին պլանում 984 ոտնաչափ բարձրությամբ Նուրեկ ամբարտակից առաջացած ջրամբարն է, որը մոլորակի երկրորդ ամենաբարձր ամբարտակն է։
Ազգությամբ հայ, Մոսկվայում ծնված, ԱՄՆ-ում ապրող Սաշա Արությունովայի Վաշինգտոնում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի ներսում արված լուսանկարն էլ լավագունների թվում է։
Հուշարձանը, որն ամեն տարի այցելում են միլիոնավոր մարդիկ, այս տարի նշում էր իր հարյուրամյակը։
Լուսանկարները՝ National Geographic-ի պաշտոնական էջից։