Հայաստանի տնային տնտեսությունների 21.4 %-ը պարենային անապահով վիճակում են. Արման Խոջոյան
«Պարենային անապահովությունն Հայաստանում բարձր է: Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած Հայաստանի պարենային ապահովության և խոցելիության վերջին գնահատմամբ արձանագրվել է, որ Հայաստանի տնային տնտեսությունների 21.4 %-ը պարենային անապահով վիճակում են»,-ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ ելույթ ունենալով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Փոխնախարարը բացատրեց, որ ըստ գործող չափանիշների, յուրաքանչյուր մարդ օրական սպառում է 2100 կիլոկալորիա, և պարենային անապահով վիճակ է համարվում դրա 50 %-ից ցածր սպառումը՝ նշելով, որ պարենային անվտանգությունը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչից՝ հասանելիությունից, մատչելիությունից, օգտագործումից և կայունությունից:
Նրա խոսքով՝ պահանջվող կալորիաների ստացման 70 %-ի մակարդակում է գտնվում Հայաստանի ընտանիքների 56.4 %-ը:
Խոջոյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի հյուսիսային շրջանների բնակիչներն ավելի խոցելի են:
«Տավուշի մարզում այդ ցուցանիշը կազմել է 31 %, Լոռու մարզում՝ 29 %, Շիրակի մարզում՝ 28 % և գեղարքունիքի մարզում՝ 26%»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ ճգնաժամային իրավիճակում այս մարզերը պարենի տեսանկյունից վտանգի տակ կհայտնվեն:
Նրա խոսքով՝ Վիճակագրական կոմիտերի 2021 թվականի տվյալները ցույց են տալիս, որ ագրոպարենային արտադրության ինքնաբավարարման մակարդակը բարձր է մրգերի, հատապտուղների, խաղողի, բանջարաբոստանային կուլտուրաների, ոչխարի մսի, ձվի և կարտոֆիլի առումով, միջինից բարձր ինքնաբավության մակարդակ ունի տավարի մսի, կաթի և խոզի մսի արտադրությունը:
«Հատիկ-ընդեղեն մշակաբույսրեն ունեն արտադրության ինքնաբավության ցածր մակարդակ, օրինակ՝ ցորենը 23.2 % է կազմել 2022 թ. տվյալներով: Եթե նախորդ տարի արտադրվել էր 97 հազար տոննա, ապա այս տարի արտադրվել է 140 հազար տոննա ցորեն, շաքարի արտադրությունը 0 է»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ բուսական յուղի, թռչնի մսի արտադրությունները նույնպես ցածր են:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 26.5 % է.ՎԿ-ի նոր մեթոդաբանական աճպարարությունը
- Երևանում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք
- Մարության. 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան սեփական կոմֆորտի մասին մտածել