
«Կանայք ամեն շաբաթ գնում են մատնահարդարի մոտ, բայց չեն կարող ասել, թե վերջին անգամ երբ են հետազոտվել»
Ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում։ Այսօր «Արմենպրես»-ի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը։
Ուռուցքաբանը նշեց, որ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղում է, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքի քաղցկեղը։ «Երկու դեպքում էլ Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1300-ից ավելի նոր դեպք»,- ասաց ուռուցքաբանը։
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Արմեն Ավետիսյանի խոսքով՝ մեր երկրում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտ 250 դեպք։
Նա նաև նշեց, որ տղամարդկանց շրջանում էլ ավելացել են շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. Տարեկան միջինում գրանցվում է 350 նոր դեպք:
«Ցավոք, քաղցկեղի ուշ հայտնաբերման, ուշ դիմելիության դեպքերը շատացել են, մինչդեռ քաղցկեղի դեմ պայքարի հիմնական և ամենաարդյունավետ ուղին վաղ ախտորոշումն է։ Հաճախ կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ, համառորեն ժամ են վերցնում ու գնում են, և այդպես՝ ամբողջ տարին: Բայց որ հարցնես՝ վերջին անգամ ե՞րբ ես ստուգվել, այդ հարցի պատասխանը չի կարողանա տալ: Կամ էլ կարող են վրդովված նշել, թե դա վճարովի է, բայց չեմ կարծում, որ մատնահարդարի ծառայություններն անվճար են։ Չեմ խոսում այն մասին, որ որքան հետազոտություններ անվճար են, եթե կանայք հետաքրքրվեն»,- ասաց Արմեն Ավետիսյանը։
Օրինակ, ըստ նրա, պոլիկլինիկաներում անվճար իրականացվում էր արգանդի վզիկի սքրինինգային ծրագիր, սակայն դիմելիությունը բավականին ցածր էր։ Նույնը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագրին։ «Եթե մի բնակավայրում կա 50-60 տարեկան 100 կին, բոլորին հրավիրում ենք անվճար մամոգրաֆիայի, բայց նրանցից մոտ 40-ն է գալիս հետազոտության։ Իսկ զավեշտալին այն է, որ երբ վաղ փուլում հայտնաբերում ենք ուռուցքը և ասում ենք, որ բուժման դեպքում լիարժեք կապաքինվեն, այդ դեպքում էլ չեն բուժվում։ Ի դեպ, բուժումն էլ անվճար է»,- նշեց մասնագետը։
Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ քաղցկեղով հիվանդացությունը երիտասարդացման միտում ունի։ Նրա խոսքով՝ կա կարծիք, որ բոլոր քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, ծխելու դեմ համառ պայքարելով, բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը ևս նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը։
Հարակից հրապարակումներ`
- Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում քաղցկեղի տեսակներից տարածվածությամբ 2-րդն է
- Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան
Լրահոս
Տեսանյութեր




