Փաշինյան. Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է
«Մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ»,-Բեռլինում ելույթ ունենալով «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով պատասխանելի ներկաներից մեկի հարցին՝ նա նշել է.
«Եվ անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանիտար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»։
Նույն քննարկման ժամանակ իր ելույթում Փաշինյանն ասել է,՝հույս ունենք ամբողջությամբ բացելերկու երկրների ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։
«Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։
Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։
Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ»,-մասնավորապես ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում
- Թուրքը սեռական բռնության է ենթարկել փլատակներից դուրս բերված սիրիացի 13-ամյա աղջնակին
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան