«Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելու գործընթացը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխող ՔՊ-ի գործողություններն ապօրինի են: ՍԴ դիմումի հիմքում մի քանի հիմնավորում են ընդգրկելու։
Առաջինը՝ որ օրենսդիրներն իրավունք չունեին ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենի մեջ գտնվող Թովմասյանին զրկել պաշտոնից, իսկ բյուլետենը պայմանավորված է եղել երեխաների առողջական խնդիրներով։ Մյուս հիմքն այն է, որ ԱԺ խորհրդի նիստին ներկայությունն իմպերատիվ պահանջ չէ, պատգամավորը պարտավոր չէ մասնակցել։ Բացի այդ՝ Թովմասյանը գրավոր աշխատել է խորհրդի հետ, եթե պետք է եղել օրենսդրական նախաձեռնությունների համար` դիմումներ է գրել։ Երրորդ հիմքը․ պատգամավորը` հանձնաժողովի նախագահը, չի կարող սահմանափակել որևէ մեկի խոսքի ազատության իրավունքը՝ ո՛չ էդգար Ղազարյանի, ո՛չ էլ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի, ով նիստի ողջ ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում։
Թե երբ կներկայացվի դիմումը, մեր աղբյուրները ժամկետ չնշեցին, իրավաբաններն աշխատում են, որից հետո կդիմեն գործընկեր ֆրակցիային` «Հայաստան» դաշինքին, քանի որ ՍԴ դիմելու համար 26 պատգամավորի ստորագրություն է պետք։ Դիմումում կներկայացվեն նաև Թովմասյանի գործունեության որոշ դրվագներ, որպեսզի հիմնավորեն, որ փորձել են կասեցնել Թովմասյանի՝ ի պաշտոնե միջազգային կառույցների հետ կոնտակտը, իսկ Թովմասյանն Արցախի թեմայով ի պաշտոնե 900 գրություն է ուղղել տարբեր կառույցների, դեսպանների, մոտ 500 գրություն էլ՝ իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը