Արցախում գործող Հայաստանի իշխանության արբանյակները շրջանառության մեջ դրեցի ծանոթ եզրույթ՝ «...կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախը նախագահ չի ունենա...». Գալստյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գրում է.
«Ցավոք 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Գրեթե 3 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ այն վարքագծով, ինչով մենք շարժվում ենք, բերելու է նոր սրացման, նոր աղետի: Բազմաթիվ անգամ առաջարկել ենք, որ պետք է փոխել հին, ձախողված գործելաոճը և հասկանալ, որ եթե լինի Արցախի նկատմամբ նոր սրացում, նշանակում է որ եղած մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու։ Իսկ նոր սրացումը եղավ հումանիտար աղետի տեսքով:
Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հումանիտար աղետի շուրջ սահմանափակվեցին միայն դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ աղետի վերացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Սակայն, հենց Արցախում սկսվեցին իրական քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հանուն Արցախի փրկության, Հայաստանում իշխանական շրջանակները, իսկ Արցախում նրանց արբանյակները, սկսեցին անհանգստանալ, սկսեցին հայտարարել, որ այդ քաղաքական գործընթացները անընդունելի են, իսկ Արցախում գործող արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018թվականից ծանոթ եզրույթ՝ «... կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախի Հանրապետությունը նախագահ չի ունենա...»:
Ծանոթ է չէ՞: Եվ այդ տանդեմի քննադատությունների մեջ, ցավոք ոչինչ չի ասվում արցախյան ճգնաժամում Հայաստանի իշխանությունների դերի մասին, Փաշինյանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ռուս խաղաղապահների նկատմամբ ատելություն տարածելու մասին, և այլն, և այլն:
Սիրելի Հայրենակիցներ
Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցությունը, Արցախի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններին առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, վստահ լինելով, որ իր շուրջ մենք ունենալու ենք հասարակության կոնսոլիդացիա ընդհանրապես, և քաղաքական ուժերի կոնսենսուս՝ մասնավորապես:
Սիրելի քույրեր և եղբայրներ մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախընդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների կողմից ներմուծված կեղծ օրակարգը արմատներ գցի Արցախում. Գեղամ Ստեփանյան
- Արցախի ընդդիմադիր երեք խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը
- Սուրենյանց. Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների