Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
Արցախցիները մինչև այս պահը հերթապահություն են իրականացնում Ակնա-Ասկերան ճանապարհի մոտ։ Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նրանք հայտարարում են՝ օրվա ընթացքում Ադրբեջանի տարածքից որևէ բեռ, այդ թվում ռուսական մուտք չի գործել Արցախի տարածք։ Նրանք նշում են՝ թույլ չեն տալու Ադրբեջանի տարածքից որևէ բեռի մուտքը։
«Ոչ մի ռուսական մեքենա այսօրվա ընթացքում ոչ մի բեռ չի տեղափոխել Արցախի Հանրապետություն։ Մենք մի օգնության տեղ ունենք՝ Հայաստանից։ Եթե Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասնում Արցախ, ուրեմնե մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք՝ հատկապես Ադրբեջանի»,-ասում է հերթապահություն իրականցնող տղամարդը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ Ադրբեջանի տարածքով ռուսական հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ։ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը։
«Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,-հայտնել են շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին. Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ