Ի՞նչ ես բանակցում, երբ ենք մենք Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր ունեցել․ Օսկանյան
Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը թերևս շարունակվում է․ նա սխալվեց 2018թ-ից մինչև 2020թ-ի պատերազմը՝ այդ արհավիրքը բերելով մեր գլխին, նա սխալվեց նաև պատերազմից հետո, երբ մի կողմ դրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և գնաց տարբեր ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ այդ սխալն իր ճակատագրական հետևանքները շարունակում է ունենալ։ Հաջորդ սխալն, ըստ նրա, Պրագայում իր ընդունած հայտարարությունն էր, որտեղ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ անիմաստ, անբացատրելի հիմունքներով։ «Դա բոլորին զարմացրեց, կարծես թե, բոլոր խաղաղացողներին արդարացում տվեց ոչինչ չանելու և դրա հետևանքն այն է, ինչ այսօր ունենք՝ Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը»,- նշեց Օսկանյանը։
Նա նաև ասաց, որ սխալները շարուրունակվում են, իսկ վերջինը Գրանադայում ստորագրված հռչակագիրն է, որում Արցախի հարց ընդհանրապես չկա, հարցը վերաբերում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Մենք Ղարաբաղից հասանք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը և իշխանականները դա «հերոսաբար» ներկայացնում են, թե գործ ենք արել, հաջողություն են ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի հասկացած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, քառակուսի կիլոմետրերը, որոնք այնտեղ նշվել են, ժողովրդի համար այսօր ոչինչ չեն նշանակում:
«Առնվազն հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում, այսպես կոչված անկլավները այդ թվերի մեջ կա՞ն, չկա՞ն։
Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց ասուլիսներից մեկի ժամանակ ասացիր, որ այո, դա էլ ես տալիս: Իրո՞ք, դա՞ էլ ես տալիս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը։ Հենց այսօր կանգնիր և ասա՝ ի՞նչ ես բանակցում, մեզ հերթական ճակատագրական փաստի առաջ մի դիր, իսկ եթե այդ անկլավները նվիրում ես, ապա դու մեկ րոպե անգամ այդ պաշտոնում մնալու իրավունք չունես, պետք է թողնես և հեռանաս։Իսկապես Հայաստանի տարածքային ամբողջականությո՞ւն է գլխավոր թեման, երբ ենք մենք այդպիսի խնդիր ունեցել»,- ասաց Օսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր