Արցախի կորստից հետո բոլորս անցնում ենք հոգեբանական տրավմայի փուլերով․ հոգեբան
Արցախի կորստից, 44-օրյա պատերազմից հետո բոլորս անցնում ենք հոգեբանական տրավմայի փուլերով և կրում դրա հետևանքները. այս օրերին պետք է նեցուկ լինենք իրար, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը։
Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Կարևորելով օրվա խորհուրդը, պատերազմի, Արցախի կորստի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների հոգեբանական խնդիրների, նրանց հետ շփման մոտեցումների շուրջ Panorama.am-ը զրուցել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանի հետ։
Նա նշում է, որ ինչպես 2016 թվականի քառօրյա մարտական գործողություններին, 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց, նրանց ընտանիքների հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու նպատակով իրականացվում էր անվճար հոգեբանական աջակցության ծրագիր, այսօր ևս Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր Արցախից բռնի տեղահանվածների համար։
«Հոգեբաններից շատերը պատրաստ են անվճար հոգեբանական ծառայություն մատուցել մեր հայրենակիցներին։ Այս պահին ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ Արցախում տեղի ունեցած պայթյունից հետո կան մեծ թվով տուժածներ, «Մուրացան»-ի, Միքայելյանի անվան հիվանդանոցներում ևս հոգեբանների խումբ է աշխատում։ Աշխատանք է տարվում ինչպես տուժածների, այնպես էլ նրանց հարազատների հետ, որոնք ևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Դրանք համալիր լուծումներ են պահանջում»,- նշում է Խաչատուր Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այսօր կան բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնց հետ առնչվում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։
Առաջինը կորստի հակազդեցությունն է, երկրորդ խնդիրը վերաբերում է նյութական կորուստին։
«Մարդիկ տարիներով տուն են կառուցել, կահավորել, բայց ամեն ինչ կորցրել են, հսկայական նյութական վնասներ են կրել, բռնի տեղահանվելուց հետո չեն կարողացել իրենց հետ վերցնել անձնական իրեր, օրինակ՝ լուսանկարների ալբոմը, և ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին, բնական է, որ լուրջ հոգեբանական խնդիրներ կունենան»,- ասում է հոգեբանը։
Բռնի տեղահնվածների հաջորդ խնդիրը վերաբերում է ադապտացիային/հարմարողականությանը։
Խաչատուր Գասպարյանը կարևորում է նրանց հետ զրույցները, շատ արագ համայնքի կյանքին ինտեգրվելը։ Եթե նույնսիկ նրանք ունենում են բարկության պահեր, հոգեբանը նշում է, որ դա մարդիկ չպետք է վերագրեն իրենց։ Դա կարող է լինել իրենց իսկ նկատմամբ, թե ինչու շուտ դուրս չեկան Արցախից, ինչու հավատացին խոստումներին, երբեմն այդ բարկությունը կարող է ուղղված լինել Սրցախի, Հայաստանի ղեկավարությանը, որ չկարողացան ճիշտ քաղաքականություն վարել կամ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ չլքեին իրենց հողն ու տունը։
«Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ ևս ունի պատերազմի իր պատմությունը, բոլորն այս պահին պարտվածության, անապահովության, անվստահության զգացում ունեն, և այս իրավիճակում թե արցախցիները, թե հայաստանցիները կրում են այդ տրավմայի հետևանքները։ Բազմաթիվ ընտանիքներ ունեն կորուստներ թե 44-օրյա, թե 2016թ-ի, թե արցախյան առաջին պատերազմների հետևանքով։ Երբ մարդիկ գտնվում են կորստի հակազդեցության մեջ, նրանք ավելի դյուրագրգիռ են դառնում, հիմա այս իրավիճակում գլխավորն այն է, որ եթե ականատես եք լինում ինչ-որ մեկի բացասական հուզական դրսևորմանը, պոռթկմանը, պետք է հասկանալ, որ դա ձեզ չի ուղղված, այլ իրավիճակին և թշնամուն»,- նշում է նա։
Ինչ վերաբերում է երեխաներին, հոգեբանն ասում է, որ նրանց հոգեկանը շատ զգայուն և խոցելի է, հատկապես երբ ծնողները գտնվում են ծանր հոգեբանական վիճակում։
«Եթե ծնողները շփոթված են, անօգնական, չգիտեն ինչպես վարվել այս իրավիճակում, դա իր անդրադարձն է ունենում երեխայի հոգեկան աշխարհի վրա, նույնիսկ ծնողների նկատմամբ կարող է բարկություն առաջանալ, քանի որ ավելի փոքր տարիքում՝ մինչև 7-8 տարեկան երեխային թվում է, որ ամենաուժեղն իր հայրն է, ամենագեղեցիկն իր մայրն է, ամենակարողն իր ընտանիքին է։ Բայց այս երեխաները տեսնում են, որ իրենց ուժեղ հայրը հայտնվել է անօգնական վիճակում, չգիտի ինչ ճանապարհ գտնի այդ իրավիճակից դուրս գալու համար։ Դրանք հոգեբանական հետևանքներ են թողնում մատաղ սերնդի հոգեկան աշխարհի վրա»,- նշում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը։
7-8 տարեկանից բարձր մինչև վաղ պատանեկության շրջանի երեխաների մոտ խնդիրներն այլ կերպ են արտահայտվում։ Ըստ հոգեբանի՝ նրանք արդեն սկսում են վախենալ ապագայից։
«Այս տարիքում նաև շատ հաճախ փոխվում է վախերի ներկապնակը, երեխաները սկսում են գիտակցել մահվան իսկական բնույթը։ Դա սրում և խտացնում է վախերի տարատեսակ դրսևորումները։ Անկախ նրանից՝ այդ երեխաներն Արցախից են, թե Հայաստանից, բոլորի մոտ կա հոգեբանական մի տհաճ երևույթ՝ պարտվածության զգացումը, որը հղի է բազմաթիվ հետևանքներով։ Ընդհանրապես, ցանկացած տարիքում երբ չես կարողանում քո զայրութն արտահայտել թշնամու նկատմամբ, որևէ հակահարված հասցնել նրան, այդ զայրույթն ուղղում ես սիրելի մարդկանց։ Նրանց մոտ կարող է առաջանալ ապագայի, հայրենիքի նկատմամբ անվստահություն։ Իրականում մարդիկ կորցնում են ապահովության և անվտանգության զգացումը»,- ասում է հոգեբանը։
Ինչպես հաղթահարել նման հոգեվիճակը
Խաչատուր Գասպարյանը նշում է, որ այսօր ստեղծված իրավիճակում շատ կարևոր է հնարավորինս արագ լուծել արցախցիների սոցիալական խնդիրները, քանի որ եթե դրանք մնան չլուծված, ապա հոգեբանական հարցերն ավելի սուր և ընդգծված բնույթ են կրելու։ Դրա համար, ըստ նրա, պետք է կոմպլեքս մոտեցում ցուցաբերել։ Առաջինն իրենց պետք է ապահովության զգացում փոխանցել, որ այս պահին գտնվում են ապահով տեղում, հետո պետք է հնարավորինս արագ այս մարդկանց ինտեգրել այն համայնքի կյանքում, որտեղ նրանք հայտնվել են։
«Բոլորս՝ լինի գյուղում, թե քաղաքում, պետք է այս մարդկանց ինտեգրման աշխատանքով զբաղվենք։ Իհարկե հոգեբանի աշխատանքն այս դեպքում անփոխարինելի է»,- ասում է մասնագետը։
Դիմելով թե հայաստանցիներին, թե արցախցիներին, հոգեբանը նշում է, որ այսօր հայ ժողովուրդը հայտնվել է դժվարին կացության մեջ, սփյուռքում ապրող հայերը նույնպես անմասն չեն այս ամենից, նրանք ևս ապրում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով, ուստի պետք է հնարավորինս արագ միավորել ուժերն ու աշխատել, ստեղծել, բոլոր ոլորտներում հաջողություններ գրանցել։
Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ պատերազմում վիրավորված, պատերազմին մասնակցած, զոհված ընտանիքները կարիք ունեն հատուկ վերաբերմունքի և հոգեբանական գրագետ միջամտության, պետք է նրանց սատարել և նեցուկ լինել, որ մարդիկ կարողանան ապրել, որ նրանց երեխաները մտածեն միայն լավ ապագա ունենալու մասին։
«Ես արդեն աշխատում են տեղահանվածների հետ, հիացած եմ արցախցիների տոկունությամբ, որն անհրաժեշտ բաղադրիչ է սթրեսի հաղթահարման համար, պետք է փորձենք նրանց համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որ կարողանան հնարավորինս շուտ դուրս գալ սթրեսային վիճակից։ Ի դեպ նրանք մեծ պոտենցիալ են մեր երկրի համար։
Պատկերացրեք 30 հազար երեխա տարբեր համայնքներում համալրելու են մեր դպրոցները, 30 հազար ապագա կերտողներ։ Մենք պետք է ազգովի համախմբվենք, պետք է ուժեղացնենք տնտեսությունը, ռազմաարդյունաբերությունը, լավ կրթություն տանք մեր երեխաներին, պահենք մեր ազգայինն ու մշակույթը, բոլոր ոլորտներում պետք է հզորանանք և լինենք մենք ոչ միայն ուրիշների կողմից պարտադրված խաղի գործոն, այլև խաղի կանոններ թելադրողը»,- նշում է Խաչատուր Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում