Ավինյանն ընտրվեց քաղաքապետ
Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում տեղի ունեցած բաց քվեարկության արդյունքներով ՔՊ-ական Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ։ անվավեր քվեաթերթիկ չկա։ Կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5 անդամ։
Արդյունքների հրապարակումից հետո Ավինյանը մոտեցավ ամբիոնին, շնորհակալություն հայտնեց երևանցիներին, ավագանու անդամներին։
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու այն անդամներին, որոնք ընտրեցին քաղաքապետ։ Ես խոստանում եմ ծառայել Երևանին. Հայաստանի Հանրապետությանը, բոլոր այն սկզբունքների հիմքով, որը հայտարարել ենք 2018-ին»,-ասաց նա իր խոսքում։
Հիշեցնենք, որ առաջադրված միակ թեկնածուն ՔՊ-ական Տիգրան Ավինյանն է։
Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում էր ավագանու 37 անդամ, քվորում կա։
Երևանի ավագանու 65 մանդատներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետի ընտրության քվեարկությունն ավարտվեց
- Քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը
- «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» բոյկոտել են Երևանի ավագանու նիստը
- «Դոգի» կուսակցության անդամները Երևանի ավագանու առաջին նիստին ներկայացել են հատուկ շապիկներով