Թադևոս Ավետիսյան. Հաջորդ տարվա համար պետական պարտքի 20 տոկոս աճ է նախատեսվում
«Պետական պարտքի ավելացման մասին կառավարության կանխատեսումները հիմնված են այն կանխավարկածի վրա, ըստ որի հաջորդ տարի ևս պետք է ապահովվի 7 տոկոս տնտեսական աճ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարվող քաղաքականությունը։
2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին պետական պարտքը կավելանա 265 մլրդ դրամով և կկազմի 4տրիլիոն 660 մլրդ դրամ։ Այսօր ՀՀ պետական պարտքը 4 տրիլիոն 395 միլիարդ է։
«Երբ ընտանիքը սկսում է բարեկեցիկ ապրել, ավելանում է նաև այդ ընտանիքի պարտքի բեռը»,-այսպես էր հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության 2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին պետական պարտքը կավելանա 265 մլրդ դրամով և կկազմի 4 տրիլիոն 660 մլրդ դրամ։ Այսօր ՀՀ պետական պարտքը 4 տրիլիոն 395 միլիարդ է։ Իսկ արդեն հաջորդ տարվա վերջին, ըստ կառավարության կանխատեսումների, պարտքը կկազմի 5տրիլիոն 318 մլրդ դրամ։
Թադևոս Ավետիսյանի խոսքով, մտահոգիչ է, որ 7 տոկոս տնտեսական աճի ապահովման հիմնական շարժառիթը գնալով թուլանում է: Խոսքն արտաքին, ժամանակավոր գործոնի մասին է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր ներքին պահանջարկը, Ռուսաստանից դրամական փոխանցումներն աճեցին և դա 2022թ. բերեց 12.6 տոկոս տնտեսական աճի:
«Ցավոք, այդ տնտեսական աճն ու դրամական հոսքերը հետագա կայուն զարգացման տեսանկյունից չկապիտալիզացվեցին և , ըստ էության, չավելացրին մեր երկրի ներդրումային ներուժը: 2023թ. արտաքին գործոնի թուլացմանը զուգահեռ տնտեսական աճի տեմպը նվազել է, իսկ կառավարությունը առաջանցիկ տեմպերով ավելացնում է պետական պարտքը՝ այդ թվում արտաքին: Փաստացի, պետական պարտքի 20 տոկոսի աճ է նախատեսվում հաջորդ տարվա համար, ինչը էապես մտահոգիչ է»,- ասաց տնտեսագետը:
Օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչը նշեց՝ այս իշխանությունների «բախտը բերել է» նաև այն հարցում, որ տնտեսական աճի ապահովման արտաքին գործոնը հանգեցրեց ազգային արժույթի արժևորման և նկատի ունենալով, որ պետական պարտքի 60 տոկոսից ավելը արտահայտված է արտարժույթով, ապա ունեցանք պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության որոշակի լավացում:
Արտաքին գործոնի թուլացման և ազգային արժույթի հետագա արժեզրկման հետևանքները, որոնք արդեն գործող իշխանությունը կանխատեսել է, բերելու են պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վատացում: Դա նշանակում է, որ կունենանք 2021թ-ի վիճակը, երբ հատել էինք պետական պարտք-ՀՆԱ 60 տոկոս հարաբերակցության միջազգային չափանիշը և պետական պարտքի տեսանկյունից գտնվում էինք բարձր ռիսկայնության գոտում:
«Օրվա իշխանությունները սա իհարկե կանխատեսում են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև դա կնշակի ընդունել, որ տնտեսական աճը և պետական պարտքի որոշակի բարելավումը իրենց վարած տնտեսական քաղաքականության հետ որևէ աղերս չունեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը անցել է 11 մլրդ դոլարից
- Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
- Կանգնելո՞ւ ենք պետական պարտքի սպասարկման խնդրի առաջ՝ պատասխանում է Վիլեն Խաչատրյանը
- ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 32 տրիլիոն դոլարը
- Սենատը հավանություն է տվել ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացնելու օրինագծին
- Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
- Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
- Թադևոս Ավետիսյան. Այս իշխանությունների պաշտոնավարման 4.5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով
- Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան