ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժ/պ-ն՝ պ.գ.թ. Արման Մալոյանի ղեկավարած բաժնի փակման մասին
Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենից, որ նրա ղեկավարած Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժինը մարտի 27-ից լուծարվում է։
Արման Մալոյանն այն գիտնականն է, որը հանգամանալից ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած սխալներն ու վրիպակները:
«Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձնաց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չէ Արման Մալոյանի կողմից դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է»,- գրել է ուրարտագետ, Էրեբունի թանգարան-արգելոցի տնօրեն Միքայել Բադալյանը։
Aravot.am-ը Մալոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք իր ղեկավարած բաժնի լուծարումը կապ ունի իր հայտնած մասնագիտական կարծիքի հետ, նա պատասխանել է «Անկեղծ ասած, ես էլ չեմ ուզում հավատալ, որ կապ կա, բայց փաստն այն է, որ բաժինը լուծարվում է: Իհարկե, խոսակցություններ անցյալ տարվանից կային՝ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին էլ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է փոփոխությունների նոր կառուցվածքը, 26-ին էլ հաստիքացուցակն է հաստատվել, այնպես որ մարտի 26-ով մեր բաժնի մասնագետներին ծանուցում են տվել, որ մարտի 27-ից ազատվում են աշխատանքից»։
Panorama.am-ի հետ զրույցում ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը վստահեցրեց՝ Արման Մալոյանի ղեկավարած բաժինի փակումը որևէ կապ չունի «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ նրա հայտնած կարծիքի հետ։
«Դա կամայական մեկնաբանություն է։ Չեմ կարծում եմ, որ Մալոյանն այդպիսի կարծիք ունի, բայց ես հայտարարում եմ, որ կապ չունի»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ ԿԶՆԱԿ-ում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որով էլ պայմանավորված է Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի փակումը։
«Բաժինների կառուցվածքը հիմնականում կապված էր հանրակրթական նոր չափորոշչի ներդրման հետ, հիմա այդ գործընթացն հունի մեջ է, անհրաժեշտ փոփոխությունները կատարված են, դպրոցներում աշխատանքները բնական ընթացքով կազմակերպվում են։ Այժմ անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություն լինի, նոր կառուցվածքով ԿԶՆԱԿ-ը կարողանա մեթոդական մշակումներ իրականացնել»,- մանրամասնեց Թորոսյանը։
Նա հայտնեց, որ ԿԶՆԱԿ-ի ընդհանուր կառուցվածքում մնալու է 5 բաժին։
Ինչ վերաբերում է լուծարված բաժինների աշխատողներին, նա ասաց. «Կրճատումներ են լինելու, բոլոր մասնագետները չեն կարողանա շարունակել աշխատանքը որպես հաստիքային աշխատողներ, բայց մենք ունենալու ենք փորձագետներ ներգրավելու մեծ հնարավորություն։ Բնական է, ԿԶՆԱԿ-ի նախկին աշխատակիցներին ներգրավելու ենք՝ հաշվի առնելով իրենց փորձը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը․ Բադալյան
- Պ.գ.թ. Արման Մալոյանը ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասագրքում նոր սխալներ և վրիպումներ
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան