![](https://panorama.am/news_images/988/2963602_1/418805301_792623596236517_7714290859755964762_n_1.thumb.jpg)
ՄՊՀ-ն ուսումնասիրել է ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները:
.Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ
.ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետևաբար՝ նաև նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ, որոնց թվաքանակը ևս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։
.ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առևտրի (7%) ոլորտներում:
.Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական և այլ միջոցներից բացի ներգրավում են նաև բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) և բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։
Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ
.Հանձնաժողովն արձանագրել է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ կապված տնտեսավարող սուբյեկտին ՓՄՁ սուբյեկտ դիտարկելու առավել հստակ մեխանիզմների և չափանիշների մշակման անհրաժեշտության հետ։
.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են որոշակի տարբերություններ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով և ՀՀ ԿԲ համապատասխան կարգով ձեռնարկությունների ըստ չափի դասակարգման հիմքում դրվող չափանիշների միջև՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտություն կա։
.Սկսնակ ընկերություններին առաջնային կերպով պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության ապահովման և ծրագրերին կրկնակի մասնակցությունը բացառելու նպատակով առաջարկվել է համապատասխան չափանիշներ կիրառել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրման գործընթացում և ստեղծել շահառուների միասնական տվյալների շտեմարան։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)