Շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը
Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:
Ժաննա Անդրեասյանը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներն արձանագրելու նպատակով:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գիտական կենտրոնում, ծանոթացել շենքային և ընդհանուր աշխատանքային պայմաններին:
Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Սահակ Գասպարյանը ներկայացրել է գիտական կենտրոնի ընդհանուր աշխատանքը, գիտական և հետազոտական ծրագրերը, որոնք իրականացվում են վերջին տարիներին պետության աջակցությամբ ձեռքբերված նորագույն սարքավորումներով: Նախարարը շրջել է լաբորատորիաներով՝ հետաքրքրվելով այս պահին ընթացող հետազոտություններով և գիտական ծրագրերի իրականացման ընթացքով:
Ինչպես նշել են գիտնականները, հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով նանոսարքավորումները գերճշգրիտ տվյալների հավաքագրում չեն կարողանում իրականացնել, որը գիտական աշխատանքի արդյունավետության տեսանկյունից կարևորագույն պայման է:
Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով կենտրոնը ձեռք է բերել մեկ միլիարդից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ, որոնք այժմ կիրառվում են գիտական և տնտեսական կարիքները բավարարելու նպատակով և սպասարկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տնտեսության պահանջները:
«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք: Այս սարքավորումներով հետազոտություն կատարելը մեզ համար, որպես գիտնականի, չափազանց կարևոր է »,- նշել են գիտնականները:
ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստանում է պետական խոշոր ֆինանսավորում. կենտրոնի տարեկան բազային ֆինանսավորումը շուրջ 641 մլն դրամի է հասնում: Կենտրոնն ընդգրկված է մի շարք գիտական ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 թեմատիկ գիտական ծրագրերի համար ավելի քան 900 մլն դրամ է կազմում:
Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կարևորելով տնտեսության բոլոր ոլորտների զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է լինելու, որ կենտրոնի գիտական գործունեության անխափան ընթացքը որևէ հանգամանքով պայմանավորված չխոչընդոտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան