Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը, գրում է.
«Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները:
Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ:
Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է:
Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:
Ինչ վերաբերվում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ:
Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ:
Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված է եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»։