Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն (Վահագն Չախալյան), չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։
«Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել՝ առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,- նշում են ՔԿ-ից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը
- Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
- Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
- Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց