Մ.Բադեյան. Էթիկայի հանձնաժողովից այդ հարցը տեղափոխելու եմ դատարան
Նախօրեին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին նախաձեռնել` ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցը ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քննարկելու համար: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը, նախ, ասաց, որ իր բառերը նենգափոխել են.
«Խնդրում եմ` ինչ ասում եմ, բառացիորեն գրեք. իմ բառերը նենգափոխել են: Ես կոնկրետ մի լրագրողի եմ ասել անմակարդակ»,- հայտարարեց Մանվել Բադեյանը: Դե իսկ եզդիներին էլ, առավել ևս իր խոսքով, վիրավորելու միտում չի ունեցել, պարզապես զուգահեռ է անցկացրել եզդի հավաքարարի հետ, որին համարել է ավելի խելացի, քան որոշ լրագրողների. «Խոսակցության էությունը սրանում է եղել.... ճիշտ է, եղել է փոքր ինչ ավելի էմոցիոնալ, քան հիմա պատմում եմ, որովհետև ես էմոցիոնալ մարդ եմ: Բայց ուղիղ խոսքը, ենթատեքստը սա է եղել»,- պարզաբանեց նա:
Վերադառնալով եզդիներին, Մ. Բադեյանն ասաց, որ իրեն մեղադրել հակաեզդիական հակումներում ուղղակի ծիծաղելի է, քանի որ ինքը միակ հայ պատգամավորն է, որ երե անգամ հանդիպել է Քրդստանի վարչապետի հետ, ով այցելել է եզդիների սրբավայրը և որը առաջարկով է հանդես եկել` Քրդստանում կոնսուլատ բացելու համար: Մ. Բադեյանի խոսքով` քաղաքական որոշումն, ի դեպ, արդեն կայացված է:
«Ինչ վերաբերում է ակցիային, ապա ես լրիվ ըմբռնումով եմ մոտենում դրան, քանի որ իմ խոսքը այնպես էին շուռ տվել...Այնպես որ նրանց պահվածքը ինձ համար ընկալելի է` իրենք էլ մոլորության մեջ են հայտնվել»,- անդրադառնալով Ազգային Ժողովի շենքի մոտ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիային, որի ժամանակ երիտասարդները զուգարանի թուղթ ու դրա վրա պատկերված ավանակ էին բերել պատգամավորի համար,- նշեց Panorama.am-ի զրուցակիցը:
Էթիկայի հանձնաժողովում էլ իր հարցի քննարկման վերաբերյալ Մանվել Բադեյանն ասաց, որ շատ ուրախ կլինի, որ հանձնաժողովից հարցը տեղափոխվի դատարան. «Ես դա անելու եմ: Բազմաթիվ ապացույցներ ունեմ դատարանի համար»:
Նախորդիվ` Եզդիները վրդովվել են ՀՀԿ-ական պատգամավորի պահվածքից ու զուգարանի թղթով եկել ԱԺ (Լրացված)