ՀԱԿ-ն այս պահին քննարկում է նախագահի հրավերն ընդունել-չընդունելու հարցը
«Նախագահը, համաձայն Սահմանադրության, դիմել է մեր ֆրակցիային կոնսուլտացիաների համար: Մենք պիտի այդ հարցը քննարկենք»,-իրենց խմբակցության մոտ սպասող լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Panorama.am-ի հարցը` բայց քննարկելո՞ւ եք, այսինքն հնարավոր է, որ ընդունեք հրավերը այդպես էլ մնաց անպատասխան. Լ.Զուրաբյանը շտապեց ներս, քանի որ իրենց արդեն կես ժամ սպասող պատգամավորները, մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանը, բողոքեցին նիստի ուշացումից:
Ինչ վերաբերում է երեկ ուշ երեկոյան քառյակի հանդիպման շարունակությանն ու դրանում ընդունված որոշումներին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը որևէ փակագիծ չբացեց, մանրամասներ չներկայացրեց, միայն խոստացավ, որ արդյունքների մասին կտեղեկանանք:
«Արդյունքներն այսօր կիմանաք: Դրանք կլինեն բոլորի համար բաց: Մի քիչ համբերություն, այս պահին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ գործընթաց է ընթանում, որը պետք է ավարտին հասնի»,- տեղեկացրեց նա:
Բայց այդպես էլ չպարզաբանեց` հայտարարություն է տարածվելու, թե այլ ճանապարհով է հրապարակվելու:
Հարցին` երեկ երեկոյան որևէ որոշում փաստորեն չի կայացվել, Լ.Զուրաբյանն ասաց, որ կայացել է, բայց այդ որոշումների և որոշումներից բխող ընթացքների մասին կտեղեկանանք այսօր:
Ինչ վերաբերում է նրնա, թե քառյակի հետագա համագործակցությունն ու դրա ֆորմատը փաստորեն կախված է այսօրվա կոնսուլտացիաներից, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բնականաբար, կոնսուլտացիաներից շատ բան կախված է, եթե կախված չլիներ, ապա դրանք էլ ինչի համար են»: