ՀԱԿԿ ստեղծումից հետո երիտասարդներն առաջին անգամ համագումար են անում
Երևանի Կոնգրես հյուրանոցում այսօր մեկնարկել է Հայ Ազգային կոնգրես կուսակցության Երիտասարդկան միության համագումարը: Սպասվում է, որ միությունը կվերանվանվի Երիտասարդական կոնգրես: Կրտսեր կուսակիցներին համագումարում ողջունեց ՀԱԿԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հայտարարելով, թե Կոնգրեսի երիտասարդները գրագետ են ու մրցունակ և միանգամայն կարող են փոխարինել ներկայիս իշխող վարչախմբին:
«Այն, որ դուք այսքան տարի պահում եք հասարակության հույսը, արդեն իսկ հզոր առաքելություն է: Այն, որ դուք հանդուրժող եք, բաց եք համագործակցության համար, մեր գործընկեր կուսակցությունների ներկայությունը դրա ապացույցն է», - հայտարարեց Արամ Մանուկյանը:
Ի դեպ, նկատենք, որ Երիտասարդական կոնգրեսի համագումարին հրավիրված են ու մասնակցում են խորհրդարանական ոչ իշխանական ուժերի` «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հ. Յ. Դաշնակցության երիտասարդները:
Մանուկյանը երիտասարդներին ասաց, որ վաղ , թե ուշ իրենք իշխանության գալու են իրենց ունեցած ռեսուրսով ու հորդորեց լինել մրցունակ և տեղական չափանիշներով, և միջազգային:
Խոսեց նաև Երիտասարդական կոնգրեսի անդամ Արշակ Մուսախանյանը, ով հայտարարեց, որ համագումարը բացառիկ է, քանի որ առաջին անգամն է անցկացվում ՀԱԿԿ ստեղծումից հետո: Նա արձանագրեց իր խոսքով ուրախալի փաստ. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և Տիգրան Առաքելյանը մեր ակտիվ գործունեության արդյունքում ազատ արձակվեց»: