Թոմաս Դե Վաալ. Ղարաբաղյան կրակոցների օգոստոսը
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիոն հարձակումների, զոհերի ու դրան հետևող տեղեկատվություններին վերլուծական անդրադարձ է կատարել «Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Թարգմանաբար ներկայացնում ենք Թոմաս դե Վաալի հոդվածը. «Անհանգիստ ամառն ավելի անհանգիստ դարձավ վերջին օրերին արձանագրված կրակահերթից՝ այս անգամ հայ-ադրբեջանական շփման գծում:
Դժվար է հավաստի տեղեկատվություն գտնել, թե ինչ է կատարվում հեռավոր Լեռնային Ղարաբաղի ռազմական գոտում: Սակայն երկու կողմերից ստացված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ վերջին օրերին առնվազն 30 զինվոր է զոհվել, գուցե և ավել: Հայկական աղբյուրները հայտարարում են 5 հայ և 25 ադրբեջանցի զինվորի մահվան մասին: Ադրբեջանցի գնդապետն ասել է, թե 71 հայ զինվոր է սպանվել, իսկ երկրի պաշտպանության նախարարության համաձայն` ադրբեջանական կողմի զոհերը 13-ն են:
Սա թույլ է տալիս ենթադրել, որ նախորդ մեկ շաբաթում սահմանին ավելի շատ զոհ է եղել, քան ողջ 2013 թվականի ընթացքում:
Ղարաբաղի ճակատային գիծը համարվում է Եվրոպայի ամենառազմականացված տարածքը: Այստեղ խաղաղապահներ չկան, և հիմնականում անձնական շահն է ծանր զենքերով ու զինտեխնիկայով ապահովված` ընդհանուր հաշվով մոտ 20 հազարանոց բանակներին հետ պահում պատերազմից:
Վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի շուրջ երկու կամ երեք տասնյակ մարդ է զոհվում սահմանային միջադեպերի հետեւանքով: Մի քանի գործոններ, ինչպիսիք են խաղաղ գործընթացի հանդեպ խորացող ցինիզմն ու Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունների շարունակական մրցավազքը, այս տարի իրավիճակը վատթարացրել են:
Հայաստանը որդեգրել է ավելի ռուսամետ ուղղվածություն՝ երկիրը կողմնորոշելով անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությանը: Դա հավանաբար ամրացնում է այն համոզմունքը, որ Մոսկվան օգնության կհասնի Հայաստանին հնարավոր ռազմական գործողությունների պարագայում հավատարիմ մնալով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին:
Ադրբեջանն իր հերթին անվստահություն և ագրեսիվություն է դրսևորում: Մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները շարունակվում են: Անցած շաբաթ Ադրբեջանում ձերբակալվեցին Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք մեղադրվում են պետքկան դավաճանության և լրտեսության մեջ: Իսկ շաքարային դիաբետ ունեցող Լեյլա Յունուսի ինքնազգացողությունը այդ ժամանակվանից ավելի է վատթարացել:
Վերջին երկու ամիսների ընթացքում սահմանային միջադեպերի մասին տեղեկություններ են ստացվում շփման գծի այնպիսի շրջաններից, որոնք նախկինում եղել են ավելի խաղաղ, Օրինակ Նախիջևանի հատվածը:
Հրադադարի խախտուների մեծ մասը տեղայնացված է և ոչ համակարգված, սակայն ավելի լուրջ դեպքեր շփման գծում չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքական համաձայնության: Այս հարձակումները ավելի հավանական է, որ ադրբեջանական կողմից են, որը մերժել է դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային նախաձեռնությունները:
Ադրբեջանը որպես պարտվող կողմ անում է ամեն ինչ որպեսզի վիճարկի Ստատուս-քվոն` ազդելով մյուս կողմի նյարդերի վրա,և աշխարհի ուշադրությունը հրավիրելով հակամարտության վրա: Սա ամենաճշմարտանման բացատրությունն է 2012թ. ամենախոշոր բռնկմանը, որին համընկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հետ:
Ադրբեջանի նախագահի խոսնակ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը չի կարող հրաման արձակել, քանի որ նախագահն ու պաշտպանության նախարարը գտնվում են արձակուրդում: Ուստի` վերջին դեպքերը կարող են լինել հայկական օպերացիայի կամ հակաօպերացիայի արդյունք:
Այնուամենայնիվ հայկական կողմն էլ հեռու չէ քաղաքական դիտարկումներ անելուց: Առգրավված ռադիոտեխնիկական միջոցների լուսանկրաները, որոնք հրապարակվել էին այս շաբաթ, վկայում են այն մասին, որ դիվերսիոն գործողությունները են եղել ադրբեջանական կողմից: Սակայն այն բանից հետո, երբ սկսում են իրականացվել ռազմական գործողություններ` «Իսկ ո՞վ սկսեց» հարցը դառնում է անիմաստ:
Օգոստոսի 4-ին` Եվրոպայի «Օգոստոսյան կրակահերթի» 100 ամյա տարելիցին, բախումները փոքր-ինչ մեղմվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները սթափեցրել են երկու կողմերին:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հրավիրվել են Սոչի, որտեղ օգոստոսի 8-ին և 9-ին նախատեսված են նրանց առանձին բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դեռևս հաստատված չէ երկու երկրների նախագահների` միմյանց հետ հանդիպումը:
Պուտինն, անշուշտ, այդ հանդիպմանն իր սեփական օրակարգը կունենա, որը կվերաբերի ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղին:
Առանց առավել էական խաղաղ գործընթացի, որում երկու կողմերն էլ կարող են շահագրգռված լինել, բռնության ալիքի բարձրացման հավանականությունը շատ մեծ է»: