ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
«Ադրբեջանը, շփման գծում իրական հաղթանակներ չունենալով, կեղծ քայլերով և անմարդկային արարքներով է փորձում ինչ-որ կերպ բավարարել սեփական հասարակությանը»,-Մեդիամաքսի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ընդգծելով, որ հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանությունը Ադրբեջանի ղեկավարության՝ ավանդույթ դարձած գործելաոճն է:
«Ադրբեջանին հարիր գործելաոճ է: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը գերի ընկած քաղաքացիական անձին ներկայացնում է որպես դիվերսանտ, տեսնյութեր հրապարակելով՝ շոու է սարքում, իսկ հետո սպանում նրան, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը: Սա Ադրբեջանի հիվանդագին երևակայության հետևանք և սեփական բարդույթները հաղթահարելու փորձ է»,- մասնավորապես ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մի բան ակնհայտ է՝ հայկական կողմը երբեք նման վերաբերմունք չի ցուցաբերել իր տարածքում գտնվող ադրբեջանական գերիների հանդեպ. «Չնայած ունենք բոլոր փաստերը, թե ով է իրականում քաղաքացիական անձ, ով՝ դիվերսանտ և այլն»: