Հայտնի չէ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ ներկայացվելիք նոր դիմումին քառյակից որ ուժերը կմիանան
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ նոր դիմում ենք նախապատրաստում Սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Բայց նախքան այդ, պետք է ներկայացնենք խորհրդարանական քառյակին, անկախ պատգամավորներին, որպեսզի տեսնենք՝ ովքեր կմիանան Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումին՝ վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս պահին ՀՅԴ խմբակցությունը հստակ դիրքորոշում է հայտնել, որ միանալու է այդ դիմումին, նաև ԲՀԿ-ն, իսկ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների մասով դեռևս հայտնի չէ:
«Դիմումը լինելու է ծավալուն, ընդգրկուն, երկու հիմնական ուղղություն է իր մեջ ներառելու՝ օրենսդրական նախաձեռնության ընթացակարգային խախտումներ և բովանդակային կամ ըստ էության»,- ասաց Ա. Մինասյանը:
Նրա կարծիքով, արդեն սեպտեմբերի կեսերին դիմումը պատրաստ կլինի:
ՍԴ ներկայացվելիք դիմումի մշակմանը մասնակցում է նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Մեզ հետ զրույցում նա միայն ասաց, որ Սահմանադրական դատարան հայտ են ներկայացնելու, սակայն այլ տեղեկատվություն չհաղորդեց:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ընդունվեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Հունիսի 27-ին ՀՀ նախագահը ստորագրեց այն:
Նոր օրենքով, պարտադիր կուտակայինի փոխարեն սահմանվում է սոցիալական վճար, որը պետական բյուջե կատարվելիք պարտադիր վճար է: Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվել է 5 տոկոս: Այն պարտադիր է պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածում աշխատողները հնարավորության կունենան մինչև 2017 թվականը համակարգին մասնակցել կամավորության սկզբունքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան