Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանից պահանջում է կանխել հակաիրանական կառույցների գործունեությունը
«Ադրբեջանը պետք է արձագանքի Իրանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող կառույցների գործունեությանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեին Բաքվում տեղի է ունեցել հակաիրանական, անջատողական գաղափարախոսություն կրող այսպես կոչված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» (ԱՀԿ) հերթական նիստը, որին մասնակցել են բավական հայտնի գործիչներ:
Բաքվում Իրանի դեսպանությունը, խիստ քննադատելով վերոնշյալ կառույցի հակաիրանական գործունեությունը, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է, որպեսզի վերջիններս օրենքի շրջանակներում արձագանքեն նմանատիպ կառույցների գործողություններին, որոնք կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության, հատկապես իրանցի ազարիների հանդեպ նմանատիպ անջատողական քաղաքականություն որդեգրած կառույցների անհարգալից, վիրավորական վերաբերմունքը կարժանանա համապատասխան արձագանքի. Իրանը թույլ չի տա, որպեսզի նմանատիպ հավաքներ տեղի ունենան»,-նշված Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս քաղաքական հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Փեզեշքին «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում, անդրադառնալով Ադրբեջանում և Թուրքիայում պանթյուրքական խմբավորումների գործողություններին, մասնավորապես նշել է. «Պանթյուրքական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում առկա կարևոր հարցերից մեկն է. Իրանի ազարիաբնակ նահանգները ժամանակ առ ժամանակ հայտնվում են պանթյուրքական քաղաքականության թիրախում, սակայն իրանցի ազարիների ուշիմության և Իրանի իշխանությունների հակազդեցության շնորհիվ պանթուրքիզմի ազդեցությունը չեզոքացվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ