Ա.Ռուստամյանը` եռյակին. Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ
«Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվողները երկու փաստարկ են բերում` այդ փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ և եթե դա լավ բան է, ապա ինչու է Սերժ Սարգսյանը դա անում: Վերջինիս մասով բերեմ միայն մի դիտարկում` առաջին նախագահը` Լևոնը դժգոհեց նոր Լևոնից, Ռոբերտը նոր Ռոբերտից, ի՞նչ երաշխիք կա, որ Սերժն էլ չի դժգոհի նոր Սերժից: Իսկ որ ժողովուրդն էլ ընդհանրապես գոհ չի եղել ոչ մեկից` ինչու պետք է չորրորդից գոհ լինի, հայտնի չի: Դուրս է գալիս, որ ով տվյալ պահին իշխանություն չի` դժգոհ է իշխանությունից և սա բացարձակ ճշմարտություն է ու վերաբերում է բոլորին: Ուրեմն` հենց ժողովրդին է վերաբերում, ով միշտ դժգոհ է եղել իշխանությունից, որովհետև ժողովուրդը երբեք Սահմանադրության երկրորդ հոդվածին համապատասխան իշխանություն չի ունեցել»,-Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս խոսքով` հաշվի առնելով իր վերը նշվածը կարելի է ասել, որ մի բան այն չէ. « Ինչ-որ խորքային պատճառներ կան: Եվ եթե ոմանց թվում է, որ Սերժ Սարգսյանը փոխվեց ու ինքնստինքյան իշխանությունն էլ է փոխվելու, ուրեմն` նրանք լավ չեն ուսումնասիրել մեր անցած ճանապարհը»:
«Որովհետև իրական իշխանափոխությունը երբեք չի կարող անձափոխությամբ սահմանափակվել: Եվ պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ: Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը կարող է լինել միայն ամբողջական ու ոչ միայն նրանով, որ միայն մարդիկ փոխվեն, այլև համակարգը , որպեսզի նույնը չկրկնվի»,- նշեց Ա.Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորի համոզմամբ` այս համակարգով իշխանությունը ոչ միայն մենաշնորհային է, որ բերել է իշխող կուսակցության ու իշխանության նույնացման, այլ ստվերային է, որ մենաշնորհային ու ստվերային է դարձրել ողջ պետական քաղաքական դաշտն ու տնտեսությունը:
«Միջազգային փորձը աչքի առաջ ունենալով` անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել Սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը: Այս ճանապարհով են պետություն դառնում, այս ճանապարհով է աշխարհը զարգանում և սա չընկալելը ավելի դիպուկ, քան աշուղ Ջիվանին է բնորոշել դժվար է: Ասում է մարդը. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ»»,- հավելեց Ա.Ռուստամյանը:
Հիշեցնենք, քառյակը` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի միավորում փլուզվեց հենց Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի վերաբերմունքի պատճառով, մինչդեռ երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակում են դրան դեմ արտահայտվել: