Պուտին. Ռուսաստանից էժան և հուսալի գազի առաքում չկա
Ռուսաստանից էժան և հուսալի գազի առաքում չկա և առաջիկա տարիներին չի էլ նախատեսվում: Լրագրողների հետ 10-րդ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով Չինաստանի հետ կնքված գազային պայմանագրին` Պուտինը նշել է, որ այն եկամտաբեր է կողմերի համար: Ըստ նրա` պայմանագրի երկու կողմերն էլ գնացել են սուբսիդավորման:
«Այդ ծրագիրը սուբսիդավորվեց նաև չինական կողմից, հիմա չեմ մանրամասնելու, թե ինչ տեսակի սուբսիդավորման մասին է խոսքը: Պարզապես կառավարությունը որոշում կայացրեց հստակ սուբսիդիաներ տրամադրել նախագծի մասնակիցներին, հետևաբար մենք էլ մեր կողմից սուբսիդիաներ տալու որոշում կայացրեցինք, և նախագիծը, անկասկած, դարձավ եկամտաբեր: Հատկապես, երբ մենք նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին գների շուրջ, որը գրեթե չի էլ տարբերվում այն գնից, որը մենք կիրառում ենք Եվրոպայի դեպքում»,- նշել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով` նախագծի կարևորությունը միայն գազատարով չէ սահմանափակվում, այն գազաֆիկացնելու է Հեռավոր Արևելքը, ինչպես նաև յուրօրինակ գազային հանգույց է դառնալու` միավորելով արևմտյան և արևելյան գազատարները:
Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև ռուս-թուրքական գազային հարաբերություններին` ընդգծելով, որ ռուսական կողմը չի հրաժարվելու այս հարցում բավարարել Թուրքիայի պահանջարկը:
«Թուրքիայի տնտեսությունը նույնպես զարգանում է, այն հավելյալ էներգոռեսուրսների կարիք ունի: Տարիներ առաջ մենք կառուցել ենք, այսպես կոչված, Երկնագույն հոսքը և հիմա թուրք գործընկերները խնդիր են դրել առաջին հերթին մեծացնել ներքին սպառման ծավալները: Ինչ է՞, մենք պետք է հրաժարվենք այս ամենից - նշել է Պուտինը:
Վերջինս հավելել է, որ թուրքական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք վերաբերվում են գազի գնին և մատակարարման գրաֆիկին:
«Բնականաբար մենք կվաճառենք այն, ինչ ունենք և որի կարիքը նրանք զգում են»,- ընդգծել է Պուտինը: