Լևոն Զուրաբյան. Պահպանել համազգային դիմադրությունն ընդդեմ ռեժիմի
«Այսօր մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն պայքարի մեր ընկերների հիշատակը հարգելու և նրանց արյունը թափած բռնապետության դեմ ըմբոստանալու համար, այլ նաև մեր հետագա անելիքները որոշելու համար։ Այսօր ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
«Ստեղծված նոր վիճակում ճիշտ ռազմավարություն ընտրելու համար պետք է հասկանալ հակառակորդի, այսինքն՝ իշխող ռեժիմի ռեսուրսները և ծրագրերը։ Չնայած փետրվարի 20-ի հանրահավաքի տապալմանը և այդ պատճառով ընդդիմության և ժողովրդի որոշ հատվածում առաջացած շփոթի, Սերժ Սարգսյանի ռեժիմը հայտնվել է երկու կրակների արանքում»,- նշեց Զուրաբյանը և շարունակեց, թե՝ «իշխանությունը սուզել է երկիրը կառավարման ահավոր մի ճգնաժամի մեջ, որը մենք բոլոր մանրամասներով և թվերով ներկայացրինք Ազգային ժողովի վերջին քառօրյայի ընթացքում, և բոլորդ համոզվեցիք, որ մեր փաստարկներին նրանք, բացի անմակարդակ անձնական հարձակումներից, ոչ մի պատասխան չունեին»։
Ներկայացնելով սոցիալական տնտեսական քաղաքական վիճակի վերաբերյալ իր գնահատականները`Զուրաբյանը ներկայացրեց իրենց ռազմավարական քայլերը. «Պահպանել համազգային դիմադրությունը ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխություններին դիմակայելու խնդրում, շարունակել հանրահավաքային ճնշումը, պայքարել մեր օրինական իրավունքների համար՝ բոլոր ոտնձգությունների դեմ։ Խնդիրը շատ պարզ է. եթե մենք պահպանում ենք կազմակերպված դիմադրությունը, Սերժ Սարգսյանը հեռանում է»։