Սերժ Սարգսյան. Ապրիլի 24-ը կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներից կարևորագույնը կանցկացվի Երևանում, որի ընթացքում միջազգային հանրության ներկայացուցիչները հայ ժողովրդի հետ համատեղ հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցը շատ կարևոր իրադարձություն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար. «Պատահական չէ, որ խորհրդանիշ է ընտրվել անմոռուկ ծաղիկը, որի անունն աշխարհի շատ լեզուներով իր մեջ հիշողության իմաստն է կրում, և որի հինգ ծաղկաթերթիկները խորհրդանշում են հինգ աշխարհամասերը, որտեղ ապաստան են գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր քույերերն ու եղբայրները»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոացռումներին՝ հանրապետության ղեկավարը տեղեկացրել է, որ միջոցառումներ անցկացվում և անցկացվելու են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Այդ թվում պատարագներ, որոնք կմատուցվեն ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև կրոնական այլ ուղղությունների եկեղեցիներում, ցուցահանդեսների կազմակերպում` աշխարհի հայտնի, այդ թվում իհարկե՝ նաև ռուսաստանյան թանգարաններում, համերգների կազմակերպում համաշխարհային հայտնի շատ հարթակներում, հռչակավոր արվեստագետների ելույթներ»,- տեղեկացրել է Սերժ Սարգսյանն ու մասնավորեցրել, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Նախագահի խոսքով՝ հիմնական միջոցառումներն, այդուհանդերձ, կանցկացվեն Հայաստանում ապրիլի 23-24-ին:
«Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ համատեղ կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, և մեր կողքին կլինեն շատ ժողովուրդների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջնորդներ: Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն եղբայրական երկրների ղեկավարները: Կցանկանայի հատուկ ընդգծել այդ միջոցառումներին այլ առաջնորդների թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը,- հայտնել է Սերժ Սարգսյանն պատասխանելով ռուս մեկնաբանի հարցադրմանը, թե ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը հայերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան