«Ժամանակը ցույց կտա». Արգամ Աբրահամյանը՝ մեծ քաղաքականություն մտնելու մասին
Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը այսօր, քվեարկել է Գոլեցյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Նա քվեարկության եկել էր փոքրիկ դստեր հետ: Քվեարկությունից հետո թեկնածուն հայտարարեց, որ Արտաշատում խնդիրները շատ են, որոնք «լուծելով գնալու ենք առաջ»:
Մեծ քաղաքականություն մտնելու վերաբերյալ հարցին, Արգամ Աբրահամյանը պատասխանեց, որ չի կարծում, թե քաղաքապետ ընտրվելով մտնում է մեծ քաղաքականություն, հետո հավելեց. «Ժամանակը ցույց կտա»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածու առաջադրվելուն, ապա Աբրահամյանն ասաց, որ դա ընկերների, շրջապատի հետ համատեղ որոշումն է: Իսկ դիտարկմանը, թե մրցակցություն չեղավ այս ընտրություններում, Աբրահամյանն ասաց, որ ինքը երբեք չի խուսափել մրցակցությունից և դրա մեջ իր մեղքի բաժինը չի տեսնում: